2013-ին Սեւանից ոռոգման նպատակներով բաց թողնվող ջրի ծավալը չի գերազանցի 170 մլն խորանարդ մետրը: Այս այս մասին հունիսի 18-ին լրագրողներին է հայտնել Հայաստանի նախագահին կից Սեւանա լճի հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Նրա խոսքով` Արփա-Սեւան ջրանցքով լիճ կլցվի մինչեւ 130 մլն խմ ջուր: «Սակայն դա չի նշանակում, որ բալանսը բացասական կլինի, քանի որ լճի ջուրը համալրվում է նաեւ գետերից եւ տեղումներից»,-բացատրել է Մովսիսյանը:

Ըստ նրա` այս տարի ջրի բացթողումը չի գերազանցի նախորդ տարվա ցուցանիշը: Եթե նախորդ տարի լճից բաց է թողնվել 310 մլն խմ ջուր, ապա 2013-ին 170 մլն խմ մակարդակը չի գերազանցվի` թեեւ մյուս ջրամբարները ձնհալից հետո միայն մասամբ են լցվել:

Միեւնույն ժամանակ նա հիշեցրել է, որ այն կառույցները, որոնք 1905մ ցածր են գտնվում, պետք է քանդվեն սեփականատերերի կողմից: «Պետությունը պարտավոր չէ նրանց փոխհատուցում տրամադրել, քանի որ, այսպես, թե այնպես, դրանք կառուցվել են օրենքը խախտելով»,-ընդգծել է Մովսիսյանը: Մյուս կողմից, Կարճաղբյուր գյուղի մոտ 70 տուն, որոնք ջրի մոտ են հայտնվել, կստանան պետության աջակցությունը: «Դրանք ամառանոցային բնակավայրեր չեն, այլ մշտական բնակության վայրեր, որոնք ժամանակին կառուցվել են քաղաքացիների համար: Դրա համար էլ պետությունը նրանց օգնություն կտրամադրի»,-եզրափակել է Վլադիմիր Մովսիսյանը:

Նշենք, որ ներկայումս Սեւանի մակարդակը 1900մ 18 սմ է: Ծրագրվում է մինչեւ 2030թ ջրի մակարդակը հասցնել 1903,5 մ: