«Ռուսալ-Արմենալ» փայլաթիթեղի գործարանի աշխատակիցները, որոնք դատի են տվել ընկերությանը, վնասակարության համար հավելավճարներ ստանալու հիմքեր չունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հաղորդել ընկերության մամուլի խոսնակ Ալեքսանդր Մելքումյանը` մեկնաբանելով աշխատողների ելույթները մամուլում:

«ՀՀ օրենսդրության համաձայն` այդ աշխատակիցներին վնասակարության առումով հավելավճար չի հասնում»,-ասել է Մելքումյանը: Նրանց մասնագիտացումը համապատասխան ցուցակում նշված չէ: «Վերաքննիչ դատարանը փոխել է ընդհանուր իրավասությունների դատարանի որոշումը, սահմանելով, որ աշխատակիցների համար հավելավճա չի ենթադրվում: Եթե նրանք որոշել են բողոքարկել Եվրոպական դատարանում, դա նրանց խնդիրն է»,-ընդգծել է Մելքումյանը:

Միեւնույն ժամանակ, հավելել է նա, այն մասնագիտացումներով աշխատող մարդիկ, որոնք ներառված են համապատասխան ցուցակում, հավելավճարներ ստանում են: «Ձեռնարկությունը չի խուսափում իր պարտականությունները կատարելուց` կապված աշխատավարձերի եւ այլ ծախսերի հետ: Ինչ վերաբերում է սոցիալական պարտականություններին, ապա յուրաքանչյուր աշխատակից` անկախ պաշտոնից, ամսական ստանում է 14 հազար դրամ հավելավճար որպես ինդեքսացիա: Կրկին, անկախ պաշտոնից, յուրաքանչյուր աշխատակից անցնում է անվճար բուժզննում: «Ռուսալ-Արմենալը» չի սահմանափակվում միայն օրենսդրության պահանջներով եւ անհրաժեշտ է համարում հավատարիմ մնալ գործող իրավական ակտերին»,-ասել է Ալեքսանդր Մելքումյանը: