Եթե գտնվի մեկ այլ թեկնածու, որին նույնքան ոգեւորությամբ կսատարեն, ինչքան որ ինձ, ապա ես, իհարկե, կպնդեմ, որ միասնական թեկնածուն ես չլինեմ: Այս մասին BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում հայտարարել է ադրբեջանցի գրող, կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը, որը վերջերս նշանակվել էր Ադրբեջանի դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի նախագահ: Սակայն միավորված ընդդիմադիրներն առայժմ նախագահի միասնական թեկնածու չեն առաջադրել:
Հարցին, թե ինչու են վատացել իր եւ Ալիեւի հարաբերությունները, Իբրահիմբեկովը պատմել է, որ 2003թ. ինքն էլ էր Ալիեւի կողմնակիցներից:
«Անձամբ Իլհամ Ալիեւի հետ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել մինչեւ 2007թ.: 2007-ին հանդիպեցի նրա հետ եւ բարձրացրի կինոյում բարեփոխումների հարցը... Նա այն ժամանակ համաձայնեց իմ փաստարկներին: Եվ ես դա անգամ հեղաշրջում էի անվանում, բայց փաստացի իշխանությունը փոխանցվեց 5-6 ստոր խաբեբաների, որոնք հրեշավոր կերպով են կառավարում երկիրը:
Բոլորն այդ ամնեն իհարկե կապում են նաեւ Ալիեւի հետ, սակայն դա հեշտ չէ հստակ որոշելը: Մարդկանց հարյուր-հազարներով դուրս են շպրտում բնակարաններից, խլում տները, բոլոր ընտրությունները, դեռ հայր Ալիեւի ժամանակներից՝ 1993թ.-ից սկսած, կեղծվում են, ըստ էության ժողովուրդը զրկված է իր՝ իշխանություն ձեւավորելու սահմանադրական իրավունքից», - պատմել է ռեժիսորը:
Հարցին, թե չի վախենում արդյոք Ադրբեջան վորադառնալուց, Իբրահիմբեկովը պատասխանել է. «Ես վախենում եմ եւ կալանքից, եւ սպանությունից, ես սովորական մարդ եմ»:
«Գիտեք, այժմ կալանավորված է Իլգար Մամեդովը... ReAl երիտասարդական շարժման առաջնորդներից մեկը: Բանտում է հայտնվել առանց պատճառի, ընդամենը քննադատական խոսքերի համար... Այսինքն ցանկացած պոտենցիալ վտանգ ներկայացնող մարդու ալիեւյան ռեժիմը ձգտում է վնասազերծել, ուստի այդ բոլոր սպառնալիքներն առկա են», - ասել է նա:
Հարցին, թե Ազգային խորհուրդն արդյոք Մոսկվայի նախագիծ չէ, ընդդիմադիրը պատասխանել է, որ Մոսկվայի նախագիծը Ալիեւի կառավարությունն է:




























