Դիլիջանի միջազգային դպրոցում հայ երեխաները (եւ սփյուռքից, եւ Հայաստանից) կստեղծվի հատուկ հիմնադրամ: Այդ մասին այսօր՝ հունիսի 18-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարարբ Սուրեն Կարայանը:
Նրա տեղեկացմամբ՝ հիմնադրամը ստեղծելու են դպրոցի հիմնադիրները: Հիմնադրամը կֆինանսավորի հայ երեխաների ուսման ծախսերը, կնշանակվեն կրթաթոշակներ: Բացի այդ՝ եթե հետագայում շնորհալի հայ երեխաները ցանկանան ուսումը շարունակել արտասահմանյան հայտնի բարձրագույն հաստատություններում, հիմնադրամը կշարունակի օժանդակել նրանց: Ս. Կարայանն ասաց, որ դա դպրոցի հիմնադիրների բարի կամքն է, սակայն օրենքով չի կարելի բարեգործություն պարտադրել:
Նշենք, որ Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու օրինագիծը երկրորդ ընթերցմամբ մտել է ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստի օրակարգ: Հարկային արտոնություններին դեմ են արտահայտվում ընդդիմադիր պատգամավորները:
Հիշեցնենք, որ նման դպրոցի ստեղծմանը դեմ է հանդես գալիս «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների ստեղծմանը» նախաձեռնությունը, որի անդամները նշում են, որ հայ երեխան իր հայրենիքում պետք է բացառապես հայկական կրթություն ստանա, միաժամանակ հիմնավորապես սովորելով երկու եւ ավելի օտար լեզուներ:




























