Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն, անդրադառնալով Սեւանի դատարանի նոր շենքի կառուցման մրցույթին, ըստ էության, կասկածի տակ է դրել ոչ թե Սեւանի դատարանի շենքի հիմնանորոգման մրցույթի արդյունքները, այլ Կառավարության եւ ՀԲ-ի կայացված որոշման հիմնավորվածությունը, ինչը անթույլատրելի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Դատաիրավական» ԾԻԳ-ի տնօրեն Արթուր Թունյանը՝ հավելելով, որ հնչած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը եւ ստահոդ են:

Հիշեցնենք, որ Սեւանի դատարանի շենքի հիմնանորոգման մրցույթին անդրադառնալով Իշխան Զաքարյանը տարակուսանք էր հայտնել, որ մրցույթում չի հաղթել ցածր գնային առաջարկ տվողը

ԾԻԳ-ը, ըստ Ի. Զաքարյանի, ցածր գնային առաջարկ տվողին հաղթող չի ճանաչել հետեւյալ պատճառաբանությամբ՝ կազմակերպությունը պետք է մինչ մրցույթին մասնակցելը 1600 քառ. մետր կառուցած լինի, ու հաշվի վրա 100 մլն դրամ ունենա: Չափումները, իբր, ցույց են տվել, որ «Բաղրամյանշինը» 6-8 քմ պակաս է կառուցած եղել, իսկ հաշվի վրա 91 մլն դրամ է եղել: Ըստ Ի. Զաքարյանի՝ դրանք այնպիսի լուրջ շեղումներ չէին, որպեսզի 140 մլն դրամ ավելի առաջարկողին հաղթող ճանաչեին:

Այս առնչությամբ, Արթուր Թունյանը հայտարարեց, որ իրականությունը բոլորովին այլ է, ապա պարզաբանեց հետեւյալը.

«Տվյալ մրցույթի  որակավորման պահանջները, չափանիշները  օբյեկտիվ սահմանված են եղել փաստաթղթերով: Դրանք են՝ վերջին չորս տարիների ընթացքում 2006-2009թթ պետք է լիներ առնվազն 1600 քմ  մակերես ունեցող եւ 7600 խմ շինարարական ծավալ ունեցող երկու շինարարական աշխատանքներ կատարելու փորձ: Տվյալ դեպքում, հայտ տվող  կապալառուն նույնիսկ չափանիշներից մեկին չի բավարարել:

Իսկ երկրորդ խնդիրը այն է, որ  Վերահսկիչ պալատն ասում է, որ իրացվելի միջոցների առկայության 100 միլիոնի  պահանջ է եղել, սակայն փաստելով, որ այդ ընկերությունը 91 միլիոն է ընդամենը ունեցել, դա համարում է, որ կարելի էր 100 միլիոնի չափանիշը դարձնել 91, ինչը, իհարկե, անընդունելի է:

Եւ  ամենակարեւորը, տվյալ մասնակցին մերժելու պատճառը եղել է, ոչ թե որակավորման պայմանների բավարարումը, այլ տվյալ մասնակիցը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել, թե իբր ինքն ունի 100 մլն-ից ավելի ազատ իրացվելի դրամական միջոցներ, այնինչ  հարցմանն ի պատասխան պաշտոնապես ստացված պատասխանում բանկի գլխամասի վարչության նախագահի կողմից հաստատվել է, որ տվյալ մասնակիցը, ոչ թե սկզբում ներկայացված 100 միլիոնի ազատ շրջանառություն  միջոցներ ուներ, այլ ընդամենը 91-92 միլիոնի չափով: Այսինքն` փորձ էր կատարվել խարդախությամբ, փաստաթղթեր կեղծելով ներկայացնել մրցութային հանձնաժողովին, որ տվյալ մրցույթին դա բավարարում է: Այդ ամենը արձանագրվել է եւ համապատասխան որոշմամբ ներկայացվել է եւ կառավարությանը, եւ Համաշխարհային բանկին: Դրա հիման վրա էլ կայացվել է որոշում՝ տվյալ կազմակերպությանը մերժել՝ անկախ գնային առաջարկից եւ շնորհել տրամադրել հաջորդ կազմակերպությանը, որը տվյալ պահին «Մեծն Էրիկ»-ն է եղել»:

Հիշեցնենք, որ Սեւանի դատարանի շենքի հիմնանորոգման մրցույթին մասնակցել են 3 կազմակերպություներ՝ «Ախուրյանշին» (առաջարկը՝  599 մլն), «Մեծն Էրիկ» (գնային առաջարկը՝ 563 մլն դրամ), «Բաղրամյան շին» (գնային առաջարկը՝ 451 մլն դրամ): Հաղթող է ճանաչվել «Մեծն Էրիկը»: