Երեւանում, հունիսի 20-ին, ժամը 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում կբացվի «Հարություն Կալենց. գույնը ձեւի մեջ» ցուցահանդեսը:
Միջթանգարանային համագործակցության շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նախաձեռնած «Հարություն Կալենց. գույնը ձեւի մեջ» ցուցադրությանը ներկայացված է Հարություն Կալենցի ստեղծագործությունների ընտրանին «Կալենց» թանգարանի հավաքածուից:
Քանի որ նկարիչն աշխատում էր երեք հիմնական գեղանկարչական ժանրերում՝ նատյուրմորտ, բնանկար եւ դիմանկար, ուստի այս ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու արվեստագետի գունամտածողության արտացոլմանը տարբեր տեսանկյուններից: Կալենցի համար գույնը այս կամ այն երեւույթի արտաքին կերպարը մատնանշելու համար չէր: Ինչպես Մատիսն էր սիրում ասել. «Ես չեմ օգտագործում կանաչ եւ կապույտ գույները՝ խոտ ու երկինք նկարելու համար»: Նույնը Կալենցի դեպքում է. նա գունային բծերի ու շերտերի միջոցով կերտում էր ձեւ, ծավալ, լուսաստվեր, կառուցում հեռանկար: Նա անում է դա անկաշկանդ, ազատ՝ որպես հիմք ընդունելով միայն գեղագիտական սկզբունքները:
Սույն ցուցադրությունը մատնանշում է թե՛ արվեստագետի ստեղծագործական փնտրտուքները 1960-ականների շեմին, թե՛ արդեն հստակ ձեւավորված լեզուն եւ թե՛ վերջնական հեռացումը իրականությունից՝ գրեթե վերացական ձեւերի մեջ: Գեղանկարներին զուգահեռ ներկայացնելով նկարչի գրաֆիկական տարբեր շարքեր՝ ցուցադրությունը մուտք է բացում դեպի Կալենցի «ստեղծագործական խոհանոցը», որտեղ վարպետը կատարելության էր հասցնում իր ձեռագիրը, նոր ձեւեր ու մոտեցումներ փորձարկում եւ ապա փոխանցում կտավին: Սա գրեթե անհայտ անկյուն է դիտողի համար Կալենցի բազմաշերտ ստեղծագործական ժառանգության մեջ:
«Հարություն Կալենց. գույնը ձեւի մեջ» ցուցահանդեսը եւս մեկ քայլ է Կալենց արվեստագետին հանրության ավելի լայն զանգվածներին, եւ ոչ միայն հայաստանցիներին, ներկայացնելու ճանապարհին, ինչն արտացոլում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունը: Կալենցի ստեղծած աշխարհը որքան անիրական, նույքան իրական է այնքանով, որքանով գոյություն ունի կտավի մակերեսին եւ ուղղակի առնչվում է բնության կողմից թելադրվող գլխավոր օրենքներին՝ հավասարակշռություն եւ ներդաշնակություն: Ինչպես ինքը Կալենցն էր ասում. «Վերջում բոլոր իզմերը կվերանան, կամփոփվեն մեկ ամբողջության մեջ, կդառնան բնություն»:
Ցուցահանդեսը կտեւի մինչեւ 2013 թ. սեպտեմբերի 22-ը: Մուտքն անվճար է:




























