Օրերս Կոտայքի մարզի մի քանի գյուղերի բնակիչներին ահաբեկել է մի արջ, որը հարձակվել եւ վնասել է գյուղացիներից մեկին: Գեղաշենի գյուղապետ Արմեն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց լրատվամիջոցների տեղեկությունները, թե այդ արջը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանինն է, փախել է գյուղում գտնվող վերջինիս առանձնատնից: «Այդպիսի արջ Գագիկ Հարությունյանը չունի, նա ընդամենը մի քանի մեղու է պահում: Գագիկ Հարությունյանը ոչ արջ տեսել է, ոչ էլ արջ է պահել»,- վստահորեն պնդել է ՍԴ նախագահի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող գյուղապետը:

Նա պատմեց, որ արջը եկել է հարեւան Սեւաբերդ գյուղ, այնտեղից երեկ առավոտյան իջել է հարեւան Զառ գյուղ, բնակիչները տեսել են արջին, վերջինս փախել է Կամարիս գյուղի ուղղությամբ, գյուղապետին տեղյակ են պահել, զանգել են Արտակարգ իրավիճակների նախարարություն: ԱԻՆ-ից տարածքի գյուղերի ղեկավարներին զանգել եւ զգուշացրել են, որ արջ կա, զգուշացեք, որ վնասներ չտա: «Ընթացքում արջը եկել, հասել է գյուղի ներքեւը` սկիզբը, մարդիկ անասուններին այդ ժամանակ հանել էին արոտի ժամանակ, կենդանի է, փախել, մտել է տների մեջ, խփել է չանչով մի կնոջ, տարել են հիվանդանոց, վիրակապ են արել, բերել տուն, այդ ընթացքում գյուղից որսորդներ եկել են, հրացանով խփել են արջին, վերջացել է»,- պատմեց գյուղապետը:

Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ դա վայրի արջ է եղել, «մեր սարերը միշտ էլ արջ եղել է, ժողովուրդը, անասնապահները միշտ էլ տեսել են, մի քանի տարի առաջ էլ Կամարիս գյուղն էր մտել արջը, մարդկանց խփել,մեր սարերում միշտ էլ արջ կա եւ եղել է»:

Նշենք, որ lragir.am-ը գրել էր, որ օրերս Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ Կոտայքի մարզի իր հայրենի Գեղաշեն գյուղի առանձնատան տարածքից փախել է արջը: Այս տեղեկությունը խնամքով թաքցվել է, սակայն որոնողական լայն աշխատանքներ են տարվել, ընդհուպ ուղղաթիռներով: Սակայն կենդանուն չեն հայտնաբերել: Արջը օրերս հարձակվել է գյուղի վրա եւ վնասել մի քանի հոգու, որոնք տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց, վիրակապվել եւ շատ արագ «դուրս գրվել»: Արջը հարձակվել է մանկահասակ երեխայով մի կնոջ վրա, սակայն վերջինիս սկեսուրը կարողացել է փրկել հարսին, փայտով հարձակվելով արջի վրա: Դեռեւս տեղեկություն չկա՝ արջը հայտնաբերվել է, թե ոչ: Վայրի կենդանիներ պահելը դարձել է Հայաստանի քրեաօլիգարխիայի սովորույթը, եւ այս էլ որերորդ դեպքն է, երբ կենդանիները փախչում են նրանցից: