Հունիսի 16-ին, ժամը 03.30–ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Նուբարաշենի 9-րդ փողոցի մի բնակչուհի եւ հայտնել, որ սպորտային համազգեստով մի երիտասարդ մտել է իրենց տուն եւ տեսնելով, որ տանը մարդ կա՝ դիմել է փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 03.20-ին, անհայտ անձը բաց դռնից մուտք գործելով նշված տուն՝ գողացել է ճնշման սարք, չորս զույգ գուլպա, արեւային ակնոց, մեկ տուփ անձեռոցիկ եւ մեկ տուփ «Ինդոմետազին» քսուք:
Տան բնակիչների արթնանալու եւ տանտիրուհուն տեսնելուց հետո՝ անծանոթը նշված իրերը գցել է տան բակում եւ դիմել փախուստի:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի եւ Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով Նուբարաշենի բաժանմունք բերման է ենթարկվել նախկինում 4 անգամ դատված, 48-ամյա Արթուր Օ.-ն: Նա խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Արթուր Օ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:



























