ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վերարկուն, բաճկոնը, վերնաշապիկը եւ ներքնաշապիկը գնդակի մուտքային անցքեր չունեն: Այս մասին հայտարարություն է տարածել գործով մեղադրյալ Վարդան Սեդրակյանի շահերի պաշտպօան «Սիրունյան» իրավաբանակն գրասենյակը:

«Երեկվա դատական նիստի ընթացքում զննվեցին Պարույր Հայրիկյանի հագուստները: Պարզվեց, որ մարմնի աջ մասում երկրորդ հրազենային վնասվածքի հատվածում վերարկուն, բաճկոնը, վերնաշապիկը եւ ներքնաշապիկը գնդակի մուտքային անցքեր չունեն...»,- հայտնել են գրասենյակից:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում):

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում,  փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:

Ավելի ուշ կալանավորվել է նաեւ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մտերիմներ Սամվել Հարությունյանին եւ Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am