21-ամյա Անուշ Բունիաթյանը հունիսի 9-ին դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա համադասարանցին` Շուշանը: Նրա ծնողները դիմել են ոստիկանության Շենգավիթի բաժին, այժմ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նրան հայտնաբերելու համար:

Նա նշեց, որ Անուշը շատ հանգիստ, խելոք, համեստ, «սուսիկ-փուսիկ» աղջիկ է, օրերով կարող է չխոսել: Տնից դուրս գալու օրը, ծնողների պատմելով, նա բարձր տրամադրություն ուներ, մինչ այդ որեւէ միջադեպ չի եղել: Անուշը ընկեր չի ունեցել, հետեւաբար` դժվար հավանական է այն վարկածը, որ հնարավոր է աղջկան փախցրած լինեն: Նա ընտանիքում կրտսեր զավակն է, ունի իրենից մի քանի տարով մեծ եղբայր:

Անուշին վերջին անգամ տեսել են Աբովյան փողոցում` մենակ: Նա ավարտել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, դրանից հետո տանը երեխաների հետ անգլերեն էր պարապում:

Եթե ինչ-որ մեկը տեսել է կամ ունի որեւէ տեղեկություն նրա մասին, կարող եք զանգահարել 096-81-37-83 հեռախոսահամարով:

Ոստիկանությունն այս առթիվ հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է.

«2013 թ. հունիսի 9-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երեւանի Վերին Շենգավիթի 11 փողոցի 34 տան բնակչուհի Անուշ Բունիաթյանը տնից դուրս է եկել եւ անհայտ կորել:

Արտաքին տվյալներն են` հասակը մոտ 160-165 սմ, մազերը՝ երկար, շագանակագույն, նիհարավուն կազմվածքով, շագանակագույն աչքերով, երկարավուն դեմքով, փոքր քթով։

Հագին եղել է շագանակագույն կարճ տաբատ, վարդագույն սպորտային վերնաշապիկ, կարճաթեւ ծաղկավոր շապիկ եւ վարդագույն հողաթափ։

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգանվիթի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-44-02-02, 010-48-02-02, 010-44-42-60, 010-44-20-90 հեռախոսահամարներով»: