Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու օրինագիծն առնչություն ունի, այսպես կոչված, «օֆշորային սկանդալի» հետ: Այդ մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորի պարզաբանմամբ՝ գործարար Ռուբեն Վարդանյանը, ով նախաձեռնել է Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրը, միաժամանակ «Ամերիաբանկի» խորհրդի նախագահն է: Իսկ «Ամերիաբանկը» հենց այն բանկն է, որի վարկային ռեսուրսները (մոտ 10 մլն դոլար) օգտագործվել են հայտնի օֆշորային սկանդալում; Ըստ Ն. Փաշինյանի՝ Դիլիջանի դպրոցին հարկային արտոնություններ տրամադրելով, կառավարությունը փորձում է փոխհատուցել Ռուբեն Վարդանյանի բանկի կորուստները:
«Իմ համակրանքը գործարար Ռուբեն Վարդանյանի կողմն է, բայց չեմ ուզում այդ «քցված» փողերի համար վճարի Հայաստանի ժողովուրդը: Ով որ քցել ա, թող նա էլ վերադարձնի»,- ասաց Ն. Փաշինյանը:
Նշենք, որ Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու օրինագիծը երկրորդ ընթերցմամբ մտել է ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստի օրակարգ: Հարկային արտոնություններին դեմ են արտահայտվում ընդդիմադիր պատգամավորները:
Հիշեցնենք, որ նման դպրոցի ստեղծմանը դեմ է հանդես գալիս «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների ստեղծմանը» նախաձեռնությունը, որի անդամները նշում են, որ հայ երեխան իր հայրենիքում պետք է բացառապես հայկական կրթություն ստանա, միաժամանակ հիմնավորապես սովորելով երկու եւ ավելի օտար լեզուներ:



























