Հայաստանի Ազգային Ժողովում որոշ ելույթներ հիշեցնում են «Հեքիաթն է կանչում» հաղորդումը: Այդ մասին այսօր՝ հունիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների քննադատությանը Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու հետ կապված:

«Անհավանական պատմություններ ենք լսում, իմ մոտ այնպիսի տպավորություն է, կարծես մրցակցության մեջ են մտել, թե ով ավելի վառ կներկայացնի Գյուլնազ տատի հեքիաթը»,- ասաց Է. Շարմազանովը: Նրա խոսքով՝ մեր տարածաշրջանի ցանկացած երկիր շահագրգռված է նման ծրագրով, ու պետք է շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին; Դիլիջանի միջազգային դպրոցը աննախադեպ գիտակրթական ծրագիր է, որին կմասնակցեն 60 երկրների երեխաներ:

Ըստ Է. Շարմազանովի՝ սա ներդրումների խթանում է, գիտության եւ կրթության զարգացում, տարածքների համաչափ զարգացում: «Ցուլի տակ հորթ մի փնտրեք»,- ասաց Է. Շարմազանովը:

Ավելի վաղ ՀԱԿ խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու օրինագիծն առնչություն ունի, այսպես կոչված, «օֆշորային սկանդալի» հետ: Ըստ Ն. Փաշինյանի՝ Դիլիջանի դպրոցին հարկային արտոնություններ տրամադրելով, կառավարությունը փորձում է փոխհատուցել գործարար Ռուբեն Վարդանյանի «Ամերիաբանկի» կորուստները:

Իր հերթին, «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Դիլիջանի միջազգային դպրոցը կասկածելի ծրագիր է: «Եթե ցանկություն ունենային ազնիվ ծրագիր իրականացնել, մեզնից արտոնություն չէին հայցի»,- ասել է նա:

Նշենք, որ Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու օրինագիծը երկրորդ ընթերցմամբ մտել է ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստի օրակարգ: Հարկային արտոնություններին դեմ են արտահայտվում ընդդիմադիր պատգամավորները:

Հիշեցնենք, որ նման դպրոցի ստեղծմանը դեմ է հանդես գալիս «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների ստեղծմանը» նախաձեռնությունը, որի անդամները նշում են, որ հայ երեխան իր հայրենիքում պետք է բացառապես հայկական կրթություն ստանա, միաժամանակ հիմնավորապես սովորելով երկու եւ ավելի օտար լեզուներ: