Այս տարի առաջին անգամ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ անցկացվում է հանրապետական բաց մրցույթ` «Տարվա բժիշկ»: Հենց այդ մրցույթի հաղթողների անունները կհայտարարվեն հունիսի 21-ին` բժիշկների օրը: Այս մասին հունիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարարության Անձնակազմի վարչության պետ Սամվել Սողոմոնյանը:

«Առողջապահության նախարարության հրամանով սահմանվել են պահանջներ` կապված մրցույթի մասնակիցների հետ, 14 անվանակարգեր, ինչպես նաեւ միջոցառման անցկացման կարգը: Մրցույթի նպատակն է խրախուսել հանրապետության լավագույն բժիշկներին եւ առողջապահության ոլորտի արժանի աշխատակիցներին»,-ընդգծել է Սամվել Սողոմոնյանը:

Մրցույթի անցկացման կենտրոնական հանձնաժողովը, ըստ նրա, ձեւավորվել է առողջապահության նախարարությունում եւ ներառում է 15 անդամների` Ազգային ժողովից, Կառավարությունից, Առողջապահության հանրապետական արհմիությունից, ԵՊԲՀ-ից եւ այլն: «Հաղթողների անունները հայտնի կդառնան հունիսի 21-ին: Դրանք կհայտարարվեն Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Կհանձնվի 13 մրցանակ, սակայն նյութական խրախուսանք նախատեսված չէ: Բացի այդ անվանակարգերից մեկում հաղթող չի լինի` չափանիշների չհամապատասխանելու պատճառով»,-հաղորդել է Սամվել Սողոմոնյանը` չմանրամասնելով, թե խոսքը որ անվանակարգի մասին է:

Մրցույթը ներառում է հետեւյալ անվանակարգերը. «Տարվա բուժհաստատության ղեկավար», «Տարվա գյուղական ամբուլատորիայի բժիշկ», «Տարվա տեղամասային բժիշկ», «Տարվա մանկաբույժ», «Տարվա թերապեւտ», «Տարվա վիրաբույժ», «Շտապ օգնության տարվա բժիշկ», «Տարվա ռազմական բժիշկ», «Հատուկ անվանակարգ», որը նախատեսված է ցանկացած բժշկի համար, ով հատուկ ներդրում է ունեցել առողջապահության ոլորտի զարգացման գործում, «Հավատարմություն մասնագիտությանը», «Բացառիկ վիրահատություն, որի շնորհիվ կյանք է փրկվել», «Տարվա երիտասարդ բժիշկ»: