Երեւանում այսօր՝ հունիսի 19-ին, մեկնարկել է «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովը, որի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ներկայացրել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը:
Նախագահի ուղերձում, մասնավորապես, նշվում է.
«Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության գերակայությունները սահմանելիս մենք հատուկ կարեւորել ենք տեղական ժողովրդավարությունը, քանի որ այն հասարակության ժողովրդավարական զարգացման համար առանցքային բաղադրիչ է:
Այս ուղղությամբ ուշադրություն ենք դարձնելու տեղական եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացներում քաղաքացիների մասնակցության մակարդակի բարձրացմանը:
Եվրոպական փորձագետների մասնակցությամբ միջազգային նման ներկայացուցչական համաժողովը կարող է էական առաջընթացի համար նախադրյալներ ստեղծելու եւ աշխատանքների հետագա ուղղություններ նախանշելու լավ հարթակ հանդիսանալ։
Ուտրեխտ քաղաքում ընդունված Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի «Տեղական իշխանությանը մասնակցելու իրավունքի մասին» լրացուցիչ արձանագրության դրույթներին համապատասխան, որն, ի դեպ Հայաստանում ուժի մեջ կմտնի 2013 թվականի սեպտեմբերի 1-ից, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվել են լրացումներ, որոնք միտված են օրենսդրորեն ամրապնդելու քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, բարձրացնելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունը եւ հրապարակայնությունը:
Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը բնակչության մասնակցելու նոր ինստիտուտ է ներդրվել։ Համայնքի 16 տարին լրացած բնակիչները հնարավորություն են ստացել համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ հանդես գալ։
Օրենքի մակարդակով կանոնակարգվել են համայնքի բնակիչների ընդունելությունների, հանրային հանդիպումների եւ քննարկումների կազմակերպման, ինչպես նաեւ համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգի իրականացման վերաբերյալ ավագանու անդամների պարտավորությունները:
Վստահ եմ, որ համաժողովի ընթացքում կհաջողվի նոր մոտեցումներ մշակել համայնքային գործերին բնակչության մասնակցության համար մատչելի, գործնական ու արդյունավետ մեխանիզմներ ներդնելու հարցում։ Դրանք կարող են ներդրվել Եվրոպայի խորհրդի երկրների ազգային օրենսդրություններում` ապահովելով տեղական ժողովրդավարությանը բնակչության ավելի լայնաշերտ ու անընդհատ մասնակցության մակարդակ»։
Իր ելույթում փոխվարչապետը Հայաստանում համաժողովի անցկացումը բացառիկ հնարավորություն է համարել` տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության վերջին զարգացումները քննարկելու համար: Նա նշել է, որ Հայաստանը կարեւորում է տեղական ժողովրդավարության ամրապնդումը եւ հանդես է գալիս որպես այդ սկզբունքը կարեւորող երկիր: «Տեղական ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ քաղաքացիները պետք է իրավունք ունենան ազդելու իրենց համայնքի ներկայացուցչական մարմինների որոշումների վրա, որոնք վերաբերում են նրանց կյանքին, կենցաղին եւ համայնքին` ամբողջությամբ: Մասնակցային կառավարման մեջ, որպես առանձնահատուկ դեր ունեցող կողմ, հանդես է գալիս պետությունը` ի դեմս կենտրոնական իշխանության: Վերջինիս վարվող քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի օրենսդրության կատարելագործմանը, ինչի արդյունքում ՏԻՄ-երը իրավական հնարավորություն կստանան որոշումներ ընդունելիս մասնակից դարձնել տարբեր սուբյեկտների ու նրանց հետ քննարկել խնդիրների իրականացման, ինչպես նաեւ հիմնախնդիրների լուծման այլընտրանքային տարբերակներ»,-նշել է Ա. Գեւորգյանը:
Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաան իր ելույթում նկատել է, որ համաժողովը Հայաստանում եւ ԵԽ-ում Հայաստանի նախագահության ընթացքում կազմակերպելը պատահական չէ, քանի որ Հայաստանն այն երկրներից է, որ արդեն վավերացրել է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լրացուցիչ` տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության իրավունք սահմանող Ուտրեխտի արձանագրությունը: «Մասնակցության խնդիրը որպես գերակայություն ներառված է Կոնգրեսի` 2013-2016թթ. գործողություններում, որով մենք հաստատում ենք, որ ժողովրդավարության որակը կախված է ժողովրդավարական գործընթացներում քաղաքացիների մասնակցությունից»,-հայտարարել է նա:
Համաժողովի ընթացքում կկազմակերպվեն քննարկումներ հետեւյալ` «Արդյոք այսօր տեղական ժողովրդավարությունը հնարավոր է առանց ուղիղ մասնակցության», «Մասնակցային մոդել. ուղիղ եւ ներկայացուցչական ժողովրդավարության միավորում», «Էլեկտրոնային ժողովրդավարություն. քաղաքացիական մասնակցության նոր ձեւեր» թեմաներով:
Քննարկումների արդյունքները կամփոփվեն համաժողովի փակմանը` Հերվիգ վան Շտաայի եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի կողմից:




























