ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրը՝ Շիրակի ոստիկանապետի տեղակալ Հարություն Ավետիսյանը, իր պաշտոնանկության մասին իմացել է լրատվամիջոցներից։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։
«Եւ իմ եղբայրը, եւ ես ընդամենը ստացել ենք այդ ինֆորմացիան լրատվամիջոցներից, եղբայրս որեւէ կոնկրետ պաշտոնական ինֆորմացիա չունի, լրատվամիջոցներից է իմացել, որ իր հաստիքը կրճատվել է։ Ճշտելու խնդիր չկա, եթե կա նման բան, կիրազեկեն սահմանված կարգով»,- ասաց պատգամավորը։
Նշենք, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում եւ Գյումրու ոստիկանությունում: Քաղաքի տարբեր թաղերում` Անի, Մուշ եւ այլն, տեղակայված ոստիկանական բաժանմունքներն օպտիմալացվել են, ինչի արդյունքում վերացել է 18 հաստիք: Նաեւ կրճատվել են ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ծառայության գծով երկու տեղակալները` Համլետ Կիրակոսյանը եւ Հարություն Ավետիսյանը, որն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրն է:




























