Ցավալի է, որ նման միջադեպ է տեղի ունենում, բայց նաեւ ցավալի է, որ երբ երկու պատգամավոր իրար հետ խոսում են, լրագրողները միջամտում են, փորձում՝  հրահրել։ Այս մասին այսօր՝  հունիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին պատգամավորների եւ լրագրողի մասնակցությամբ։ Նա շեշտեց, որ տեղին չէ, երբ լրագրողը փորձում է  միջամտել։

Ասուլիսի մյուս բանախոսը՝  Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, նշեց, որ երկու պատգամավոր պետք է առանձին զրուցեին եւ իրենց հարցերը պարզաբանեին։ «Ինչ վերաբերում է մնացածին, անընդունելի է բոլորի համար, եթե անգամ լրագրողը իրեն սխալ է պահում, պատգամավորը ավելի ճիշտ է հեռանա, քան թե շարունակի»,- ասաց Արամ Սարգսյանը։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում արտահերթ նիստի ընդմիջման ընթացքում լուրջ վիճաբանություն ծագեց պատգամավորներ Վարդան Այվազյանի (ՀՀԿ) Արամ Մանուկյանի (ՀԱԿ) միջեւ, որին այնուհետ միացավ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը:

Վեճը սկսել էր դեռ նիստերի դահլիճից, որտեղ Արամ Մանուկյանը բավական սուր ելույթ էր ունեցել, որը շարունակվել էր միջանցքում՝ բազմաթիվ լրագրողների ներկայությամբ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am