Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը պայքարում են, որ ի՞նչ անեն: Նման կերպ այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում արտահայտվեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, պատասխանելով այն դիտարկմանը, թե վարչապետի Տիգրան Սարգսյանի դեմ ուղղված օֆշորային սկանդալը մամուլում խրախուսում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Չեմ կարծում, որ վարչապետը պետք է օֆշորային գոտիներում գումար պահելու խնդիր ունենար: Դրանք բոլորը դեմ են կառավարությանը, վարչապետին, քաղաքական թիմին, իսկ ընդդիմությունը թիրախային է դարձնում: Իսկ մեր ժամանակներում ամեն ինչն էլ կարելի է շրջանառության մեջ դնել եւ որոշակի խնդիրներ լուծել: Նույնիսկ հետամուտ չեմ, թե ինչ խնդիրներ են լուծում»,-ասաց Գ. Սահակյանը:

Գործարար Աշոտ Սուքիասյանի մասին էլ (ով իր վրա է վերցրել վարչապետի ու Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի անունից օֆշորային հաշիվ բացելու փաստը) ասաց. «Ասում եք ինչ-որ Սուքիասյան ասել է, որ ինքն է արել, ուրեմն իր ձեռքի գործն է»:

Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանի դեմ քրգործ է հարուցվել եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am