Հունիսի 19-ին «Արզնի» օդանավակայանի տարածքում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժության ամփոփիչ փուլը՝ ոստիկանության ստորաբաժանումների եւ ոստիկանության զորքերի մասնակցությամբ՝ «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման եւ խափանման հատուկ օպերացիայում» թեմայով (ֆոտոռեպորտաժ):

Զորավարժության նպատակը զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցության ու գործողությունների ներդաշնակման ապահովումը եւ ոստիկանության ծառայողների ունակությունների ու հմտությունների ամրապնդումն է:

Զորավարժությանը մասնակցում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Զորավարժությունը ղեկավարում էր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանությամն պետի տեղակալ, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանը:

Ոստիկանությանը պետը տեղում ծանոթացավ զորավարժանքի պլանին, ստուգեց տեխնիկայի վիճակը, մասնակցների հանդերձավորումն ու պատրաստականությունը:

Հիշեցնենք, որ զորավարժությունը մեկնարկել էր հունիսի 14-ից:

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՍՑԵՆԱՐԸ

Երեւան քաղաքի կենտրոնում անցկացվում է արտոնագրված հանրահավաք: Մի խումբ ակտիվ մասնակիցներ կոչ են անում կազմակերպել երթ դեպի պետական կարեւորագույն օբյեկտներ եւ նրա դիմաց կազմակերպել նստացույց: Ենթարկվելով ակտիվիստների կոչերին՝ հանրահավաքի մասնակիցները փորձում են կատարել երթը:

Չարտոնագրված երթը կանխելու նպատակով բանակցող խումբը շարժվում է երթի կազմակերպիչների ուղղությամբ:

Ցուցարարների էմոցիոնալ վիճակը շիկանում է: Հանցագործություն կատարելու հակում ունեցող անձանց համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ:

ՊՊԾ գունդը շրջափակում է դեպի պետական կարեւորագույն օբյեկտներ տանող փողոցները: Բազմությունը փորձում է ճնշում գործադրել ՊՊԾ ստորաբաժանումների մարտակարգերի վրա որպեսզի բացեն ճանապարհները: Իրենց վրա նետված տարբեր առարկաներից պաշտպանվելու նպատակով ստորաբաժանումների կողմից կիրառվում է կոլեկտիվ պաշտպանության մարտավարական էլեմենտը: Կիրառվում են լուսաձայնային հատուկ միջոցներ բազմությանը զսպելու համար: Ակտիվիստները որոնք ցանկանում են ամեն գնով հասնել իրենց նպատակին, կիրառում են հրազեն:

Հանրահավաքի մի խումբ ակտիվիստներ որոշում են անկացնել նստացույց պետական կարեւորագույն օբյեկտների դիմաց:

Պարեկային խմբի ուժերով զանգվածային անկարգությունների վայրին հարակից տարածքներում ապահովվում է հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը: Շրջափակվում է զանգվածային անկարգությունների վայրը, արգելվում քաղաքացիների եւ կողմնակի ավտոմեքենաների մուտքը շրջափակված տարածք` չխոչընդոտելով շրջափակված տարածքից քաղաքացիների ելքը:

Ակտիվ ցուցարարները փորձում են ճեղքել ոստիկանական շղթայաշարքերը:

Ճանապարհային ոստիկանության կողմից կազմակերպվում է ավտոտրանսպորտի եւ հետիոտնի շարժը շրջափակված տարածքի շրջանցումներով, ապահովվում է հատուկ եւ վթարափրկարարական ավտոտրանսպորտի անարգել մուտքը իրադարձությունների վայր:

Ակտիվիստների մի քանի հոգուց բաղկացած փոքր խմբերի կողմից արվում են հարակից շենքերի եւ շինությունների, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների հրկիզման, գույքի փչացման գործողություններ:

ՈԶ ստորաբաժանումներից կազմված դուրս մղող խումբը, հանդերձավորված ակտիվ պաշտպանության հատուկ միջոցներով, հատուկ մեքենաների եւ մարտական տեխնիկայի ուղեկցությամբ, համագործակցելով հատուկ միջոցների կիրառման խմբերի հետ, դուրս է մղում բազմությանը: Բազմության կողմից նետված տարբեր տեսակի առարկաներից պաշտպանվելու նպատակով ստորաբաժանումների կողմից կիրառվում է կոլեկտիվ պաշտպանության մարտավարական էլեմենտը, այդ ընթացքում գնդերի հատուկ միջոցների կիրառման խմբերը օգտագործում են լուսաձայնային հատուկ միջոցներ` ամբոխին զսպելու եւ նահանջել ստիպելու նպատակով:

Զանգվածային անկարգությունները կանխելուց հետո ՈԶ ստորաբաժանումները փակում են հրապարակի մատույցները, իսկ ոստիկանության ուժերը եւ միջոցները կազմակերպում են ուժեղացված պարեկապահակետային ծառայություն նախօրոք նշված շրջաններում, ինչից հետո կատարում են շրջանի զննում՝ օպերատիվ-քննչական խմբերի ուժերով:

Լրացուցիչ հրամանով ոստիկանության զորքերը եւ ոստիկանության ստորաբաժանումները վերադառնում են մշտական տեղակայման վայրեր:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am