Ոչ մեկի գտնվելու վայրը երկիր մոլորակի վրա անհայտ չի կարող լինել: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին «Արզնի» օդանավակայանի տարածքում հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը արձագանքելով  հարցին, թե ինչու մեկ տարի առաջ հարուցված քրեական գործով գործարար Աշոտ Սուքիասյանի նկատմամբ նոր է մեղադրանք առաջադրվել:

«Գոնե մենք այս տարիների ընթացքում ապացուցել ենք, որ ամենահեռու երկրներից ենք բերում մեր զբոսաշրջիկ իրավախախտներին: Այստեղ ես խնդիր չեմ տեսնում: Այլ երկրների հետ գրագրությունները շատ դժվար են եւ երկար են տեւում: Եթե մենք հին, Սովետական Միության որոշ երկրների հետ ուղակի հեռախոսային կապով կարողանում ենք խնդիրներ լուծել, այստեղ այլ պետությունների հետ աշխատելուց մենք դիվանագիտական Ինտերպոլի եւ այլ խողովակներով ենք աշխատում, ինչն ունի իր բյուրոկրատական ձգձգման պատճառները»,-նշեց Վլադիմիր Գասպարյանը՝ հավելելով, որ Աշոտ Սուքիասյանին հայտնաբերելու  խնդիրներ չունեն:

«Աշխատում ենք: Գիտենք, ով որտեղ է գտնվում: Բայց հիմա , որ ասեմ վաղը կբերենք վաղը չենք բերի: Ունենք ծանր դեպքերով հետախուզվողներ, որոնք հայտնաբերվել են այս կամ այն երկրներում, բայց մի քանի ամիս է օրենքների պատճառով չենք կարողանում բերել իրենց օրենքների պատճառով»:

Լրագրողի հարցին, թե հավատո՞ւմ է  Աշոտ Սուքիասյանի այն նամակին, թե ինչն է գրանցել վարչապետին եւ Կճոյանին Վլադիմիր Գասպարյանը արձագանքել է.« Ես ոստիկանության պետն եմ, վաղը ինձ կմեղադրեն իմ հնչեցրած կարծիքի համար: Որպես քաղաքացի իմ համոզումն ունեմ, բայց ուսադիր կրելու պայմաններում  այստեղ կանգնած իմ քաղաքացու կարծիքը թող մնա ինձ: Ինչ վերաբերում է ոստիկանության պետին, զեկուցեմ, որ գնում է  նախաքննություն եւ կատարվում է  բոլոր անհրաժեշտ օպերատիվ եւ քննչական միջոցառումները: Մենք մեր աշխատանքով ցույց ենք տվել, որ բաց ենք աշխատում»,- ավելացրել է Վլադիմիր Գասպարյանը:

Հիշեցնենք, որ Քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչությունում երեկ որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում:

Իսկ երեկ երեկոյան հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը էլեկտրոնային փոստով նամակ է ուղարկել «Հետքին»:

Սուքիասյանի նամակն ուղղված է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ պատճենը՝ «Հետքին»: Հինգ էջանոց նամակն Աշոտ Սուքիասյանն ավարտում է այսպես. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am