Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի անհատական անձնավորված հաշվառման տվյալների համաձայն՝ Հայաստանում ներկայում 160 հազ. մարդ ստանում է նվազագույն աշխատավարձ (35 հազ. դրամ): Այդ մասին այսօր՝ հունիսի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրինագծի քննարկման շրջանակներում:

Ա. Ասատրյանի տեղեկացմամբ՝ 90 հազ. մարդ նվազագույն աշխատավարձ է ստանում ոչ պետական սեկտորում, 70 հազ. մարդ՝ պետականում: Ըստ Ա. Ասատրյանի՝ նվազագույն աշխատավարձը հուլիսի 1-ից մինչեւ 45 հազ. դրամ բարձրացնելը զգալի օգնություն կլինի այդ 160 հազ. մարդկանց:

Նախարարը նշեց, որ առաջիկա 6 ամսում անհրաժեշտ կլինի 3,7 մլրդ դրամ՝ պետական համակարգում աշխատավարձերը նվազագույնին հասցնելու համար, որից 2,5 մլրդ դրամը կհատկացվի պետական բյուջեից, իսկ 1,2 մլրդ դրամը կծանրանա տեղական բյուջեների վրա:

2014 թ. կսկսվեն պետական համակարգի աշխատավարձերի վերանայումները, սակայն մինչ այդ պետք է սահմանել աշխատավարձերի հստակ սանդղակ: Ա. Ասատրյանի գնահատմամբ՝ 2014 թ. պետական բյուջեում լրացուցիչ 50 մլրդ դրամի կարիք կլինի՝ պետծառայողների աշխատավարձերը բարձրացնելու համար: