«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից «գցված» քաղաքացիներն այսօր` հունիսի 20-ին, բողոքի ցույց կանցկացնեն Կառավարության շենքի մոտ, նրանց բնակարանների խնդիրը դեռ չի լուծվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության «զոհերից» երգիչ, երաժիշտ Արթուր Իսպիրյանը:

«Կառավարությունը պետք է իր քաղաքացու կողքը կանգնի, ոչ թե լկտի բանկն ու «Տոնուսը» ինչ ուզեն անեն ժողովրդի գլխին»,- ասաց երաժիշտը:

Նա պատմեց, որ այդ շենքում բնակարան գնած սփյուռքահայերից  մեկը գնացել է «Արցախ» բանկ, որտեղ նրան հայտնել են, թե «ճղեք, թափեք պայմանագրերը, դրանք ոչ մեկին պետք չեն», եւ դուռը փակել են վերջինիս վրա:

Բնակիչները չեն կարողանում կապ հաստատել նաեւ «Տոնուսի» հետ, քանի որ ընկերությունից միայն կրկնում են, թե սնանկ են, ոչինչ չունեն, եւ չեն ցանկանում խոսել` ասելով, որ մեր հետ գործ չունեք:

Խաբված քաղաքացիների հույսը Ֆինանսների նախարարությունն է: Նրանց հայտնել են, որ «Տոնուսի» սնանկացումից հետո առողջացման ծրագիր պետք է իրականացվի, կվերանայվի, վերահաշվարկ կարվի, եւ տարբերություններ վճարելուց հետո կստանան իրենց բնակարանները:

Արթուր Իսպիրյանը շեշտում է, որ այն ժամանակ, երբ իրենք գնել են բնակարանները, ավելի թանկ են վճարել, քան դրանք արժե հիմա, բայց այժմ դա հաշվի չի առնվում, եւ ինչ տարբերություն ասեն, բնակիչները ստիպված կլինեն կամ վճարել դա եւ ստանալ իրենց բնակարանները, կամ էլ կկորցնեն իրենց տները:

Երգահանը շեշտեց, որ «Տոնուսի» կառուցած շենքում բնակարանատերերից ոմանք ունեն սեփականության վկայական, որովհետեւ «չէին կարող չտալ, քանի որ գլուխները կջարդեին», իսկ մնացածներին էլ 6 տարի շարունակ խաբել են` ասելով, այսօր կտանք, վաղը կտանք: «Գողի աշխա՞րհ է, որ հարյուր հազար դոլար վերցնեն մարդկանցից  եւ ոչինչ չտան: «Տոնուսն» ու «Արցախ» բանկը լկտիաբար մարդկանց խաբում են, պետք է քրեական պատասխանատվության ենթարկել»,- ասաց Արթուր Իսպիրյանը: