Տերյան 44 հասցեում գտնվող Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի դիմաց գտնվող մեծ եղեւնին կտրել են: NEWS.am-ի թղթակիցը նկատել է, որ եղեւնու տեղում այժմ Հայաստանի եւ Երեւանի դրոշներն են:

Կենտրոնի թաղապետարանից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ եղեւնին չորացել էր, մտավախություն կար, որ շուռ կգա մարդկանց վրա, քանի որ այն գտնվում է անցուդարձի կիզակետում: Նրանք նշեցին, որ մեծ ցավով են տարել իրենց սիրելի եղեւնու կորուստը, բայց այլ տարբերակ չկար, ծառը մահացել էր: Իսկ թե ինչու տեղում նոր ծառ չտնկեցին, Կենտրոնի թաղապետարանից մեզ հայտնեցին, որ եղեւնի դնելը հազարավոր դոլարների հետ է կապված:

Ծառի չորանալու պատճառը, նրանց փոխանցմամբ, ամեն Ամանորին զարդարելն ու լույսեր կախելն էր: Ի դեպ, մենք գրեթե ամեն օր այդ տարածքով անցնում ենք, բայց երբեւէ չէինք նկատել, որ եղեւնին այդպես չորացել է: