Հրազդանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Ռադիկ Հ.-ն ծեծել է «Իրավաբանների, հոգեբանների, միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահի օգնական Գալուստ Կ.-ին: Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 59-ամյա Ռադիկ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Հրազդանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ 2012թ.-ի սեպտեմբերի 19-ին ժամը 17:00-ի սահմաններում Հրազդանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի աշխատասենյակում իր աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված արված դիտողության շուրջ վիճաբանել է «Իրավաբանների, հոգեբանների, միջազգային ասոցիացիայի» նախագահի օգնական Գալուստ Կ.-ի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան` ապտակել եւ մի քանի անգամ ձեռքերով եւ ոտքով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Քրեական գործ է հարուցվել 118 հոդվածի հատկանիշներով` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել հունիսի 14-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:



























