22-ամյա Արմեն Բ-ն ներկայանալով որպես ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի քրոջ որդի՝ զինծառայողներին վաղաժամկետ զորացրման եւ թոշակավորման գործընթացը կազմակերպելու համար նրանց հարազատներից խաբեությամբ վերցրել է խոշոր չափի  2200 եւ 3050 դոլար գումար: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 22-ամյա Արմեն Բ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներկայանալով որպես ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի քրոջ որդի, չարաշահելով Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ Կարեն Ս-ի վստահությունը, վերջինիս եղբոր որդու` ԼՂՀ ՊԲ  N  զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հայկ Ս-ի վաղաժամկետ զորացրման եւ թոշակավորման գործընթացը կազմակերպելու համար նրանից խաբեությամբ վերցրել է խոշոր չափի` ընդհանուր առմամբ 891000 ՀՀ դրամին համարժեք 2200 ԱՄՆ դոլար գումար եւ ուղղակի դիտավորությամբ, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել այն:

Իսկ գումարի դիմաց Կ. Սարգսյանին է տվել կեղծ ուղեգիր, նշելով, թե իբր դրա հիման վրա Հ.Ստեփանյանը վաղաժամկետ ազատվել է զինվորական ծառայության պարտականությունները կրելուց եւ ենթակա է զորացրման ու թոշակավորման:

Բացի այ, Արմեն Բ-ը Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ Մովսես Ս-ի վստահությունը` ներկայանալով որպես ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատակից, խոստացել է օրինական վճարումներ կատարելու եղանակով կազմակերպել նրա որդու` ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մարտիկ Ս-ի զորացրման եւ թոշակավորման գործընթացը եւ այդ նպատակով վերցրել է խոշոր չափի` 760000 ՀՀ դրամ եւ 1235250 ՀՀ դրամին համարժեք 3050 դոլար գումար, սակայն որեւէ վճար չի կատարել եւ ողջ գումարը ստանալուց հետո, այն խաբեությամբ հափշտակել է:  Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-1000-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Դատական քննությունը նշանակվել է հունիսի 24-ին: