Հայաստանի ջերմոցային տնտեսությունները գնալով ավելի դժվարությամբ են վճարում գազի դիմաց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանը:

«Ես մշտապես պայքարում եմ իմ ու գործընկերներիս համար: Իսկ Աբխազիայում ինձ առաջարկել են բոլոր պայմանները, եւ էլեկտրաէներգիան այնտեղ շատ էժան է: Ու գլխավորը, ոչ մեկ չի սպասում քո լրացուցիչ կոպեկը պոկել»,-ավելացրեց Պ. Գեւորգյանը: Մասնավորապես, վերջերս «ՀայՌուսգազարդի» հետ դատական գործընթացում Ստեփանավան քաղաքի ջերմոցային տնտեսություններից մեկը գործը տանուլ էր տվել:

Երկու տարի առաջ ջեռուցման սեզոնի սկզբին նրանից կանխավճար էին պահանջել ձմռան համար: «Ես չեմ տեսել ոչ մի պաշտոնական փաստաթուղթ, որը «Հայռուսգազարդին» թույլ տա աշխատել կանխավճարով: Ընդ որում, նրանք դա անում են մշտապես: Չկա կանխավճար` անջատել են գազը: Տասն օր անց միացրել են, բայց ամեն ինչ արդեն ցրատահարվել էր: Նա ամեն ինչ նորից է ցանել: Ջեռուցման սեզոնի ավարտին կրկին անջատել են գազը,»,-նշում է Պ. Գեւորգյանը: Այս անգամ տարաձայնություն է առաջացրել գազի խտության գործակիցը, եւ ասոցիացիան որոշել է, որ օպերատորը չարաշահել է այդ գործակիցը:

Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ասոցիացիայի փոխհատուցման հայցը, սակայն վերաքննիչ դատարանը չեղյալ է համարել այն: «Այդ մարդը չգիտի ինչ անել, իսկ անցած ձմռանից հետո նման պարտատերի թիվն ավելացել է»,-ասում է Պ. Գեւորգյանը:

Ըստ նրա` մանիպուլյացիա հնարավոր է նաեւ գազի կալորիականության առումով:  Գազը ստուգելու լաբորատորիաներ ունի միայն «Հայռուսգազարդւ», ինչը նշանակում է, որ երբեք իր դեմ վկայություն չի տա: Նման լաբորատորիաներ կան նաեւ Հրազդանի եւ Երեւանի ՋԷԿ-երում, սակայն նրանք եւս նույն արդյունքն են ցույց տալիս: «Ահա եւ մտածում ենք` ինչ անել»,-ասաց ջերմոցային տնտեսությամբ զբաղվողներից մեկը: