10 օր անհետ կորած Անուշ Բունիաթյանին հայտնաբերել են: Նրա դասընկերները հայտարարություն էին տարածել, որում նշել են, թե 21-ամյա Անուշին ողջ եւ առողջ գտել են Մարզահամերգային համալիրի շրջակայքում:

«Աղջկան գտնելու համար օգնել է քաղաքացիների արձագանքը, ովքեր նրա հետ կատարվածի մասին տեղեկացել են լրատվական կայքերի տարածած հաղորդագրությունների միջոցով:

Հիշեցնենք, որ 2013 թ. հունիսի 9-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երեւանի Վերին Շենգավիթի 11 փողոցի 34 տան բնակչուհի Անուշ Բունիաթյանը տնից դուրս էր եկել եւ անհայտ կորել:

Առավել մանրամասն տեղեկությունները հայտնի կլինեն այն բանից հետո, երբ Անուշը ինքը բացատրություններ կտա իր անհայտացման հանգամանքի հետ կապված»,- ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր աղջկա համադասարանցիներից մեկը,  նրա ծնողները դիմել էին ոստիկանության Շենգավիթի բաժին: Դասընկերուհին նշել էր, թե Անուշը շատ հանգիստ, խելոք, համեստ, «սուսիկ-փուսիկ» աղջիկ է, օրերով կարող է չխոսել: Տնից դուրս գալու օրը, ծնողների պատմելով, նա բարձր տրամադրություն ուներ, մինչ այդ որեւէ միջադեպ չի եղել: Անուշին վերջին անգամ տեսել էին Աբովյան փողոցում` մենակ: Նա ավարտել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, դրանից հետո տանը երեխաների հետ անգլերեն էր պարապում: