Մարտի 4-ին Հնդկաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ուտտար-Պրադեշ նահանգի Ռյամ Յանկա հինդուիստական տաճարի դարպասների փլուզման հետեւանքով 65 մարդ զոհվել, եւս 30-ը վնասվածքներ են ստացել։

Միջադեպը տեղի է ունեցել կրոնական արարողության ժամանակ, ինչի պատվին անվճար ընթրիք էր կազմակերպվել։ Կերակուր ստանալու համար, ինչպես հայտնում է AP-ն, մի քանի հարյուր մարդ էր հավաքվել։

Դեռեւս անհայտ պատճառով տաճարի դարպասի մի հատվածը փլուզվել է, եւ վախեցած մարդիկ, փորձելով փախչել, ոտնակոխ են արել միմյանց։

Այժմ ոստիկանությունն ու փրկարարները ուսումնասիրում են փլվածքները։ Երկրի իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կավելանա։ Տուժածներից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։