«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ  տարեկան ժողովը որոշել է բանկի գործունեության 2012թ. արդյունքներով շահութաբաժիններ չվճարել: Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Անցյալ տարվա ընթացքում ձեւավորված 345,485 հազար ՀՀ դրամ (մոտ 850 հազար ԱՄՆ դոլար) շահույթը կուղղվի բանկի զարգացմանը՝ որպես չբաշխված շահույթ:

Ստացվում է, որ Սուքիասյան եղբայրները՝ Սարիբեկ, Խաչատուր եւ Ռոբերտ Սուքիասյանները, ովքեր միասին տիրապետում են «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ  բաժնետոմսերի 52,4 տոկոսին, իրենք իրենց զրկել են մոտ 445 հազար դոլար շահութաբաժնից:
Ընդհանուր շահութաբաժնի 25 տոկոսից զրկվել է նաեւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկը, որը «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ  բաժնետոմսերի 25 տոկոսի սեփականատերն է:

Սակայն, միեւնույն ժամանակ, շահութաբաժին չեն ստացել նաեւ բանկի մյուս բաժնետերերը՝ 1150 ֆիզիկական անձ եւ 268 պետական ու ոչ պետական ձեռնարկություն, որոնք բոլորը միասին պետք է ստանային մոտ 192 հազար դոլար շահութաբաժին»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):