Հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները այնքան հարուստ էին, որ Գագիկ Ծառուկյանի՝ վերջերս խորհրդարան կատարած այցը ըստ էության դասվեց գրեթե շարքային իրադարձությունների ֆոնին: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. « Իսկ Ծառուկյանը խորհրդարանում մի հետաքրքրական տեղեկություն հայտնեց՝ ասելով, որ ձեւավորվել է ներկուսակցական փոփոխությունների աշխատանքային խումբ:

Ընդհանրապես, որեւէ երկրի քաղաքական ուժ հայաստանյան ներկայիս իրավիճակում պետք է իրեն զգար ինչպես ձուկը ջրում կամ հայը՝ խոպանում: Հայաստանն իր սոցիալական հիմնախնդիրներով, կոռուպցիոն սկանդալներով եւ արտաքին քաղաքական գերհագեցած օրակարգով, ըստ էության, խոպան դաշտ է բոլոր այն մարդկանց համար, որոնք ցանկություն ունեն քաղաքականությամբ զբաղվելու, եւ առավել եւս այն ուժերի համար, որոնք քաղաքական ուժեր են համարվում եւ հանդես են գալիս հասարակության անունից:
Եթե նման իրավիճակում լռեին գաճաճ քաղաքական ուժերը, սա միանգամայն հասկանալի եւ նույնիսկ ցանկալի կլիներ, որովհետեւ նման լուրջ իրավիճակներում գաճաճ ուժերը ընդամենը ոտքի տակ են ընկնում ու խանգարում: Սակայն տեղի է ունենում լրիվ հակառակը՝ երկրորդ ուժ համարվող ԲՀԿ-ն է լռում: Իսկ սա, համաձայնեք, տարօրինակ է: Ուժը իրեն հայտարարում է այլընտրանք, սակայն, չգիտես ինչու, չի շտապում հասարակությանը այլընտրանքային մոդելներ եւ մոտեցումներ ներկայացնել...

Այսինքն՝ ԲՀԿ-ն այլեւս ոչ միայն ընդդիմություն չէ, այլ նաեւ այլընտրանք էլ չէ։

Ավելի շուտ ԲՀԿ-ն, ըստ էության, դարանակալել է եւ սպասում է՝ չփորձելով ավելորդ աղմուկով «մատնել» իր տեղը, իսկ ներկուսակցական փոփոխությունները, ամենայն հավանականությամբ, վերաբերում են ընդամենը ֆորս-մաժորային սցենարների քննարկումներին եւ կուսակցության՝ դրանց պատրաստ լինելուն, որպեսզի երբ լինեն նման զարգացումներ, ԲՀԿ-ն այլընտրանք չունենա: Ընդ որում, խնդիրը ոչ այնքան ԲՀԿ-ի արտաքին այլընտրանքն է, այլ ներքին:

Այսինքն՝ ԲՀԿ-ն ինքն իր ներսում ունի բազում այլընտրանքներ: Վառ օրինակներից մեկը ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հայտարարությունն էր, որով նա, ըստ էության, ավելի մեծ աջակցություն էր հայտնում Սերժ Սարգսյանին, քան նույնիսկ Շարմազանովի կամ Կարեն Ավագյանի մտքով կանցներ: Իսկ Աբրահամ Մանուկյանը ԲՀԿ-ում շարքային մեկը չէ, այլ Երեւանի ավագանու ընտրություններում երրորդ հորիզոնականում էր՝ Օսկանյանից ու Գուրգեն Արսենյանից հետո: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ում ինչքան անձնական կարծիք կա, այնքան էլ այլընտրանք...»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):