Հայաստանի բոլոր բուժհաստատություններն ապահովված են օձի խայթոցի դեմ անհրաժեշտ շիճուկով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի գլխավոր թունագետ Միքայել Գաբրիելյանը:
«Պոլիվալենտ շիճուկի պակաս չկա: Հանրապետության բուժհաստատություններն ապահովված են հակաթույնով», - ընդգծել է Միքայել Գաբրիելյանը:
Ըստ նրա՝ տարեսկզբից ի վեր հանրապետությունում օձի խայթոցի մոտ 15-17 դեպք է արձանագրվել: Խոսքը հիմնականում գյուրզայի եւ հայկական իժի մասին է: Բարեբախտաբար, մահացու դեպքեր չեն եղել:
Ինչ վերաբերում է թունավոր միջատներին՝ Հայաստանին հատուկ սեւ կարիճներին ու սարդերին, ապա, գլխավոր թունագետի խոսքով, դեպքերի մեծ մասը հուլիս-օգոստոսին են գրանցվում: «Առայժմ նման դեպքեր չկան», - նշել է Միքայել Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ թունավոր կարիճի խայթոցի դեպքում անհրաժեշտ է անհապաղ հոսպիտալացնել:




























