«Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը հունիսի 15-ին սնանկ է ճանաչվել, իսկ Դավիթաշենի այգու դիմաց կառուցված շենքի սեփականատերերի հարցը մնում է առկախ: Մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր՝ հունիսի 20-ին կրկին հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի առջեւ՝ պահանջելով իրենց տրամադրել նորակառույց շենքի բնակարանները, որոնք սակայն միաժամանակ գրավադրված են «Արցախբանկ»-ում: «Տոնուս Քոնսթրաքշնի» սնանկության լուրն ակնհայտորեն հուսահատեցրել է խաբված բնակիչներին, նրանք սպառնում են փակել Բաղրամյան պողոտան, իրենց հետ վերցնել բենզինով լցված շշեր ու ծայրահեղ քայլերի գնալ: «Նրանք դեռ մեր հայ կանանց չեն ճանաչում, չգիտեն՝ ինչի ենք ընդունակ»,- ասում էր հավաքվածներից մեկը:
Բնակիչները նաեւ նշում էին, որ Աշոտ Տոնոյանը («Տոնուս Քոնսթրաքշն»-ի սեփականատերը) ներկայում Վրաստանում պահածոների գործարան է հիմնում, ու բիզնես է ծավալում Մոսկվայում: Ցուցարարները Ա. Տոնոյանին մեղադրում են խարդախության մեջ:
Բողոքող քաղաքացիների մի խմբի հետ բանակցություններ է վարում ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը;
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները:




























