«Եղել են թերացումներ, սակայն ոչ չարաշահումներ, քանի որ գումար չի վճարվել»,- այսօր՝ հունիսի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու հավելել. «Օրինակ լավ ջրահեռացում չի եղել, խիճը լավը չի եղել, սակայն չարաշահում չի եղել: Եթե մի տեղ մենք գումար չենք վճարել, ուրեմն չկան չարաշահումներ ուղղակի շինարարության մեջ թերացումներ, խախտումներ են բացահայտվել»:

Հարցին, թե չարաշահումների պատճառով չազատվե՞ց ծրագրի տնօրեն Արա Հովսեփյանը, Բեգլարյանն արձագանքեց. «Չարշահումները հանեք օրակարգից, աշխատանքների թերացման պատճառով ազատվեց աշխատանքից»:

Բեգլարյանը նշեց, որ այս պահին աշխատանքներին հետեւում են, մեկ ամիս ժամանակ են տվել կապալառուին, նախագծային աշխատանքները վերահսկվում են ֆրանսիական «Սաֆեժ» կազմակերպության կողմից: «Կոնկրետ իրենց վրա է դրված, եւ մենք իրենցից ենք պահանջում, դրա համար երկու կազմակերպությանն էլ մեկ ամիս ժամանակ է տրվել: Եթե մեկ ամսից հարյուր տոկոսանոց չի բարելավվում աշխատանքների որակը, մենք կգնանք այլ միջոցների»,-ասաց Բեգլարյանը՝ համոզմունք հայտնելով, որ թերությունները կվերացվեն:

Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում այստեղ ահռելի չարաշահումներ ու խախտումներ էին հայտնաբերվել, ինչը նախագահին զեկուցելուց հետո պաշտոնանկ արվեց ծրագրի տնօրեն Արա Հովսեփյանը: