Հայաստանում կաթնամթերքի թանկացման առաջին մեղավորները արտադրողներն են, հետո` պետական լիազոր մարմինները; Այս մասին հունիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

 «Կաթնամթերքի արտադրության ոլորտում անհրաժեշտ է մի քանի պետական լիազորված մարմինների, մասնավորապես` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, գյուղատնտեսության նախարարության, մասնավորապես` սննդի արտադրության անվտանգության պետական ծառայության համագործակցությունը»,-ընդգծել է Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքով` պետական լիազոր մարմինները չպետք է իրենց անգործությունն արդարացնեն համապատասխան իրավական ակտի բացակայությամբ, քանի որ հենց իրենք են կարգավորում իրենց գործունեությունն այդ ոլորտում:

 «Իրականում ոլորտը հանրային վերահսկման կարիք ունի: 2013-ի ընթացքում արձանագրվել է ընդամենը 130 էլեկտրոնային հրապարակում, այսինքն` դաշտը դուրս է հանրային վերահսկման դաշտից»,-ասել է Պիպոյանը:

Նա ընդգծել է նաեւ, որ խնդիրներ դեռեւս մնում են մսամթերքի, կաթնամթերքի, կոսմետիկայի եւ այլ շուկաներում:

2013 թ.-ի մայիսի 10-ից մինչ օրս կաթնամթերքը թանկացել է 8-12 %-ով (առանձին դեպքերում՝ մինչեւ 15%) եւ մինչ օրս որեւէ փոփոխության չի ենթարկվել. ընդ որում հավասարապես թանկացել են թե՛ այն կաթնամթերքները, որոնցում օգտագործվում է նաեւ չոր կաթ (թերեւս արտադրողներն իրենց արդարացնում էին հումքի՝ կաթի փոշու թանկացմամբ), թե՛ այն կաթնամթերքը, որը պատրաստված է բացառապես կովի անարատ կաթից (այն դեպքում, երբ կաթի մթերման գինը նվազել է):