Հայաստանում անկախ որեւէ  մարմին  ունենալը պատրանք է, վերահսկիչ մարմինները պետք է լինել ընդդիմադիրների կողմից, դա է հակակշիռներ ստեղծելու մեխանիզմը։  Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նա նշեց, որ քաղաքական կառավարող ուժը չի ուզում դա անել, որովհետեւ նպատակները մնում են նույնը, հարստահարումն է այս իշխանական խավի նպատակը, որը ռեսուրսներին տիրանալու համար է գալիս։  Լարիսա Ալավերդյանն ասաց, որ հնարավոր չէ, որ նույն քաղաքական ուժը եւ թալանի, եւ բացահայտի, եւ պատժի, կա քաղաքական կամքի բացակայություն, բացահայտում են, բայց չեն պատժում։ «Ամոթ չէ, որ չես կարողանում, ամոթ է, որ չես հրաժարվում, մենք էլ շատ բան չենք կարողանում»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ամեն ինչն արվում է գլուխ գովելու համար։

Ասուլիսի մյուս բանախոսը՝   ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասաց, որ վերահսկողական մեխանիզմը ցանկացած երկրի համար կարեւորագույն եւ գործուն մեխանիզմ պետք է լինի, պայմանավորված այն հանգամանքով, որ պետական հատկացումները հնարավորինս արդյունավետ օգտագործվեն, ծախսվեն, այն նպատակները, որոնք դրվում են, կատարվեն։ «Միշտ ունեցել ենք խնդիր պետական մուծումների արդյունավետ օգտագործման առումով,  բացահայտվել է այն, ինչ բացահայտվել է։ հակված եմ մտածելու, որ իսկապես պետական միջոցների փոշիացման, դրանց ոչ ճիշտ ծախսման երեւույթներ կան, որոնք դատապարտելի են եւ արժանի են համապատասխան մոտեցման։

Այսուհետ այդ աումով գործադիր իշխանությունը եւ օրենսդիրը ցույց են տալիս, որ պետք է կտրուկ դեմն առնել այդ գործընթացի, որտեղ տեղի է ունենում պետական միջոցների փոշիացում։  Նախորդ տարիներին բացահայտումների առումով ցնցունության այսպիսի աստիճան չկար, այս տարի ավելի դիպուկ կատարվեցին, ԱԺ-ի իր ընդդիմադիր խմբակցությունների պարագայում ավելի բարձրաձայաեց այս հարցը»,- ասաց Վարդան Բոստանջյանը՝ շեշտելով, որ ճիշտ չի այս պարագայում դատական մարմինների պասիվությունը։

Մեկ այլ հանգամանքի վրա եւս ուշադրություն հրավիրեց նախկին պատգամավորը, դա նրա խոսքով, այն է, որ «մեր այսպես կոչված ընդդիմադիր կողմը երբեւէ չի կրում պատասխանատվությունը»: «Այդ քաղաքական ուժերն, ըստ էության, միայն կարող են տարբեր տեղերում բարեւներ տալ, վարսավիրանոցներ մտնել, բայց երկիր պահել չեն կարող»,-ասաց նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am