Այսօր քաղաքական դաշտը եւ հիմնական խաղացողները, որոնք պետք է արենայից իրենց ցուցադրեն, չափից ավելի նիրհած են եւ աուդսայդերի կարգավիճակում են հայտնվել: Այս մասին, այսօր` հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը:
Հարցին, թե ի՞նչ պետք անեին նրանք, որ չեն արել, նա պատասխանեց. «Հաճախ մեր անմիաբանության արդյունքում պատիվը բաժին է հասնում սրիկաներին»:
Նրա խոսքով՝ արցախյան հիմնահարցի եւ արտաքին քաղաքականության հարցում Հայաստանն ամբողջությամբ տանուլ է տվել:
Ինչ վերաբերում է երկրի տնտեսության իրավիճակին, նա նշեց, որ խնդիրը քաղաքական դաշտում է, ոչ թե մրցակցությունն է, իրար կոկորդ կրծելը եւ հոշոտելը, այլ պետական մեքենային տալ այն տնտեսագիտական ուղեղները, որոնք կարող են մշակել նոր պետական դոկտրինա՝ նոր տնտեսական քաղաքականությամբ:
«Ընդդիմություն-իշխանություն կատեգորիաները հանենք: Մեզ այսօր անհրաժեշտ է, ոչ թե տզրուկային տիպի պետական մեքենա, որը նստած է 100-տոկոսանոց հարկահանության վրա, այլ անցում կատարել վերարտադրող եւ առեւտրային իրականացնող պետական մեքենայի»,- ասաց Դավիթ Հակոբյանը՝ ընդգծելով, որ «նախագահն իր տեղում չէ, էլ չասած վարչապետի մասին»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























