Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հունիսի 19-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին եւ նրա հետ քննարկել երկու երկրների միջեւ համագործակցությունն ընդլայնելու եւ, մասնավորապես, դատաիրավական ոլորտում հարաբերությունները սերտացնելու խնդիրները:

Նախարարության մամուլիի ծառայությունից հայտնում են, որ ըստ Թովմասյանի, այդ նպատակով առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրությունը սեւեռել համընդհանուր խնդիրներին եւ դրանց ընդհանրական լուծումներ գտնելու հարցերին: Հրայր Թովմասյանը, ով 2012 թվականին ընտրվել է ԱՊՀ անդամ երկրների արդարադատության նախարարների խորհրդի նախագահ, ներկայացրել է նաեւ վերջերս  ՌԴ արդարադատության նախարարի հրավերով Մոսկվա կատարած այցի եւ տեղի ունեցած հանդիպումների մանրամասներն ու հետագա փոխգործակցությունը զարգացնելու նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունները:

Դեսպան Վոլինկինն էլ վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակներում կներդնի բոլոր ջանքերը՝ հայ-ռուսական համագործակցությունն էլ ավելի ամապնդելու եւ ընդլայնելու համար: Միեւնույն ժամանակ դեսպանն ընդգծել է, որ համագործակցության շրջանակներում անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել փորձի փոխանակման եւ դրանց արդունավետության վրա:

Նախարար Թովմասյանը հյուրին իրազեկել է, որ 2013թ-ի աշնանը Երեւանում անցկացվելու է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի հերթական 8-րդ նիստը, որի ընթացքում, բնականաբար, կքննարկվեն ինչպես այդ, այնպես էլ  համագործակցության ընդլայնմանն առնչվող այլ էական նշանակություն ունեցող հարցեր:

Այնուհետեւ հյուրի խնդրանքով նախարար Թովմասյանը որոշ մանրամասներ է ներկայացրել Հայաստանում իրականացվող իրավական եւ դատական բարեփոխումների  վերաբերյալ: