Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հունիսի 20 –ին հրապարակել է ընթացիկ տարվա հունվար-մայիսին երկրի տնտեսության մասին նախնական տվյալները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե բոլոր ուղղություններով աճ է արձանագրվել: Բացառություն է կազմում շինարարության ոլորտը, որի ծավալները վերջին տարիներին նվազում են:
Այսպես, հունվար –մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8,0%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքինը` 1,3%-ով: Շինարարության մեջ էլ արձանագրվել է 8,8% անկում:
Պատկերը մի փոքր փոխվում է, եթե դիտարկենք այդ ցուցանիշների դինամիկան ըստ ամիսների: Մայիսն անբարենպաստ է եղել արդյունաբերության համար` 7,4% անկում է արձանագրվել, եւ մասնավորապես գյուղատնտեսության համար, որտեղ համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 1,3%-ով:
Ամսական միջին անվանական աշխատավարձի ցուցանիշներն առանձնապես զարմանք չեն հարուցում, եթե հաշվի առնենք, որ ընթացիկ տարվա սկզբից սոցվճարները նույնպես աշխատավարձի մեջ են հաշվարկում, այնպես որ արհեստական աճն ակնհայտ է: Ուշագրավ է մեկ այլ պահ եւս. աշխատավարձի աճը որոշ հակասության մեջ է «տնտեսական ակտիվության ցուցանիշի» հետ:
Հունվարին տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը համընկել է աշխատավարձի աճի տեմպի հետ: Այնուհետեւ, մինչեւ ապրիլ ամիսը, նրանց միջեւ նկատելի ճեղքում է առաջացել` աշխատավարձի համար բացասական միոտումով: Իսկ մայիսին հակառակ իրավիճակն է արձանագրվել:
Սակայն մայիսին արձանագրված աշխատավարձի խորհրդանշական աճը `3,1%, «կերել է» 5,0%-անոց գնաճը: Վերջինը, ինչպես երեւում է գծապատկերից, ակտիվ առաջ է շարժվում վերջին ամիսներին:
Հետազոտվող փուլը «նշանավորվել է» Հայաստան ներմուծման ծավալի կրճատմամբ` 2,6%-ով: Մասնավորապես, հունվար-ապրիլին պատրաստի սննդամթերքի ներմուծման զգալի աճի ֆոնին (10,4%) կրճատվել է «մեքենաներ, սարքավորումներ» խմբի ապրանքների ներմուծումը 9,3%-ով, տրանսպորտային միջոցներինը` 21,9%-ով: Հնեց այս ապրանքախմբերի ներմուծման ծավալների փոփոխությունն էլ ազդել է ընդհանուր ցուցանիշի վրա:




























