Հայաստանում EBRD/ArmSEFF ծրագրով էներգամատակարարման պլանում ամենաարդյունավետը արեւային տաքացուցիչներն են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ծրագրի տեխնիկական գծով կառավարիչ Սուրեն Շատվորյանը: Ծրագրով վարկավորվում են նաեւ այլ նախագծեր՝ շենքի ջերմամեկուսացման փոխարինում կամ վերանորոգում, սակայն էներգիայի խնայման առումով դրանք դեռ զիջում են արեւային տաքացուցիչներն:
Ըստ Շատվորյանի՝ նախագծով հաստատվել են արդեն 4 հայտեր: «Դրանցից մեկն է արեւային ջրատաքացուցիչների տեղադրումը Դիլիջան քաղաքի հանգստյան տներից մեկի տանիքին: Թեեւ այդ տարածքում արեւային ճառագայթման հաճախականությունը բարձր չէ, այնուամենայնիվ, ըստ նախագծի՝ խնայողությունը կկազմի տարեկան 30%», – պարզաբանել է Շատվորյանը:
Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագիրը (ArmSEFF) մեկնարկել է 2010թ. նոյեմբերին: Դրա ընդհանուր ծավալը կազմում է 20 միլիոն դոլար, որը բաշխվելու է առեւտրային բանկերի միջոցով: Ծրագրի նպատակն է էներգիայի արդյունավետության վարկերի վերաֆինանսավորումը եւ EBRD-ի չափանիշներին համապատասխան էներգախնայողությունը:



























