Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ստուգման ընթացքում «Ատոմմիլեն» ՍՊԸ-ի արտադրության «Էկլեր», «Գլազուրապատ էկլեր», «Նապոլեոն», «Միկադո» եւ «Տղամարդու իդեալ» արտադրանքներից կատարվել է նմուշառում եւ ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Համաձայն 2013 թ. հունիսի 10-ի կրկնակի փորձարկման արձանագրության՝ «Ատոմմիլեն» ՍՊԸ-ի արտադրության «Էկլեր» (մանրէաբանական ՄԱՖԱՄ եւ ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով), «Գլազուրապատ էկլեր» (մանրէաբանական ՄԱՖԱՄ եւ ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով), «Նապոլեոն» (մանրէաբանական ՄԱՖԱՄ եւ ԱՑԽՄ ցուցանիշներով), «Միկադո» (մանրէաբանական բորբոսասունկ ցուցանիշներով) եւ «Տղամարդու իդեալ» (մանրէաբանական ԱՑԽՄ եւ ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով) խմորեղենները չեն համապատասխանում «Հիգիենիկ նորմեր N2-III-4.9-01-2010»-ի 5-րդ կետի պահանջներին:
Նկատի ունենալով, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով «Ատոմմիլեն» ՍՊԸ-ի արտադրության «Էկլեր», «Գլազուրապատ էկլեր», «Նապոլեոն», «Միկադո» եւ «Տղամարդու իդեալ» արտադրանքները ճանաչվել են վտանգավոր, ուստի Ծառայության պետի 2013թ. հունիսի 18-ի հրամանով արգելվել է դրանց արտադրությունը եւ «Ատոմմիլեն» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է համապատասխան հանձնարարական՝ վերացնելու արտադրամասում հայտնաբերված խախտումները:
Նշված ընկերությունում Ծառայության կողմից ուսումնասիրությունների կատարումն սկսվել է քաղաքացուց ստացված բողոքի հիման վրա:




























