Ոստիկանության Երեւան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանը չի կարծում, թե իր հայտնի «Լրագրությունը պոռնկություն է» գրառման հետ կապված նշանակված ծառայողական քննության արդյունքում իրեն աշխատանքից կազատեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Մովսիսյանը:
Նա նախ նշեց, որ ինքը այդ ձեւ չի գրել, այդպես չի եղել նախադասությունը եւ ինքը չի զղջում իր գրառման համար: Ոստիկանը պարզաբանեց, որ հունիսի 12-ից արձակուրդի մեջ է, տեղյակ չէ իր նկատմամբ նշանակված ծառայողական քննության մասին, որեւէ մեկը որեւէ բան այդ մասին չի հայտնել: Հարցին, թե սպասելի էր, որ ֆեյսբուքյան գրառման պատճառով ձեր նկատմամբ ծառայողական քննություն կնշանակվի, նա պատասխանեց. «Եթե էթիկայի կանոնի խախտում է, իհարկե կնշանակվի: Քննությունը կպարզի` էթիկայի կանոնները խախտվել են, թե՝ ոչ: Ես ամեն դեպքում միտում չեմ ունեցել որեւէ մեկին վիրավորելու, ուղղակի տեքստը մի քիչ սխալ են ընկալել, դրա համար ջնջել եմ, մտածել եմ` տեքստը մի քիչ լավ չեն ընկալի, ջնջեմ, որ չլարվի»,- ասաց Կարեն Մովսիսյանը:
Ոստիկանը նշեց, որ գրառումը հեռացրել է իր կամքով, որեւէ մեկը նրան այդ խնդրով ոչ դիմել, ոչ էլ պարտադրել է: «Ահագին մարդ չի նեղացել ինձնից, ահագին մարդ նեղացել է, երբ այդ ամեն ինչը ճիշտ չի ընկալվել մի հոգու կողմից եւ գրվել է, դրա համար մնացած մարդիկ մտածել են, որ ես դա եմ նկատի ունեցել: Ես ջնջել եմ ստատուսը, ինքը գրել է, մի հոգու մեկնաբանությունից մնացածն են նեղացել, ես միտում չեմ ունեցել վիրավորելու որեւէ մեկի անձը, առավել եւս` մասնագիտությունը»,- նշեց Կարեն Մովսիսյանը: Նա չի կարծում, թե իրեն աշխատանքից հեռացնելու հարցը կդրվի, «ինչ կա դրա մեջ, որ հեռացման հարց դրվի»:
Նշենք, որ նախօրեին ԱԺ-ում պատգամավորներ Վարդան Այվազյանի, Արամ Մանուկյանի եւ լրագրողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Մովսիսյանը գրառում էր կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում` նշելով, որ «Լրագրությունը պոռնկություն է»: Այժմ այդ գրառումը հեռացված է ոստիկանի էջից: Ոստիկանության Երեւանի քաղաքի վարչության պետ, գնդապետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն՝ Ոստիկանության Երեւան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանի նկատմամբ:



























