Տրամաբանությունը հուշում է, որ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կարող է ընդունվել, սակայն օրենսդիր մարմնում վերջնական քննարկման այն կարող է եւ չհասնել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով, Թուրքիան, իհարկե, փորձելու է կանխել այդ բանաձեւի ընդունումը, բայց Անկարան խուսանավելու առանձնակի հնարավորություններ չունի: «Այդ հարցը հերթական անգամ առեւտրի առարկա է դառնալու Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ: Վաշինգտոնը կրկին օգտագործելու է այն Անկարայի վրա ճնշում գործադրելու համար։ Արդյունքում Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կշարունակի արգելակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը»,- նշել է Դեմոյանը:

Դեմոյանը նշել է նաեւ, որ փաստաթուղթը ավելի շուտ բարոյական, քան քաղաքական նշանակություն ունի: «Այդ փաստաթուղթն, ավելի շուտ, հարգանքի տուրք է Ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ամփոփել է Դեմոյանը: