Ես նման հայտարարությունը դատարկ խոսակցություն եմ համարում, պարզապես պետք է անդադար պայքար ծավալել: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, ըստ որի պայքարի համար ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մեկ դրոշի տակ, կամ ստիպված կլինեն պայքարը մղել առանձին-առանձին:
Նրա խոսքով՝ ՀԱԿ-ը 5 տարի պայքարել է՝ միավորելով ընդդիմադիր քաղաքական ուժերին ու ժողովրդին: «Իրականում պետք է միավորել ոչ թե ընդդիմադիր ուժերին, այլ՝ ժողովրդին: Ընդդիմադիր ուժերի միացումը կարող է խթան լինել ժողովրդի պայքարի, նրա միավորման ճանապարհին, սակայն կարելի է պայքարը մղել նաեւ առանց միավորվելու եւ այդ առումով, պետք է քայլեր ձեռնարկել, որոնք կբխեն ժողովրդի շահերից»,-նշել է Զուրաբյանը:
Հարցին, թե ինչո՞ւ մարդիկ երկիրը լքելու փոխարեն չեն ընտրում պայքարի ճանապարհը, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց. «Բոլոր ժամանակներում մարդու համար ամենագլխավոր խնդիրը իր երկրում նորմալ ապրելն է: Մարդիկ, որոնք անելանելի վիճակից ելնելով լքում են երկիրը, իրականում ավելի լավ վիճակում են հայտնվում: Թեեւ ես նրանց հասկանում եմ, սակայն կարծում եմ, որ արտագաղթն ամենաճիշտ լուծումը չէ: Պետք է մնալ հայրենիքում եւ պայքարել սեփական իրավունքների համար»:
Մեկնաբանելով վարչապետի մեղադրանքը, թե արտագաղթի համար մեղավոր է ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը, որը կայացած չէ եւ ունակ չէ ելքեր առաջարկել, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ չի կիսում այդ տեսակետը: «Եթե այդ կարծիքը չանվանենք հիմարություն, ապա հանգիստ կարող ենք անվանել ցինիզմի գագաթնակետ, քանի որ երկրում տեղի ունեցող ամեն ինչի համար մեղավոր է միայն իշխանությունը: Իսկ ի՞նչ է արել այս իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, որպեսզի կայանան քաղաքացիական ինստիտուտները եւ ընդդիմությունը: Նրանք կազմակերպեցին մարտի 1-ի սպանդը, բանտերը լցրեցին ընդդիմության կողմնակիցներով, հետապնդեցին մեր ընտրազանգվածին, պաշտոններից ազատեցին ակտիվիստներին: Այդ մարդկանց մի մասը պարզապես հեռացավ երկրից: Դա նման է նրան, երբ դահիճը իր մեղքի մի մասը դնի զոհի վրա»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե իշխանությունն իր վրա է վերցրել ընդդիմության դերը, քանի որ վերջինս անգործության է մատնված, Զուրաբյանը նշեց, որ դա ընդամենը քաղաքական հնարք է, որը կիրառվում է, երբ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից:
«Վերահսկիչ պալատի կողմից 2012-ին անցկացված ստուգումների քննարկման ժամանակ նրանք հայտնվեցին անելանելի վիճակում: Նրանք կամ պետք է հերքեին չարաշահումների առկայությունը, կամ էլ պետք է ընդդիմությունից առաջ հայտարարեին «Բռնեք գողին»: Ընդհանրապես ընդունված է, որ գողերն այդպես են վարվում, սակայն այդ փորձը անարդյունք էր: Տվյալ իրավիճակում հարց է ծագում, իսկ ո՞վ պետք է դադարեցնի գողությունը»:




























