Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը չի պատրաստվում միջնորդել, որ ոստիկանության համակարգում 23 տարվա աշխատանքյաին փորձ ունեցած եւ օրերս ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատված եղբորը նոր աշխատանքի ընդունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Սուքիաս Ավետիսյանը:
«Ես, ճիշտն ասած, կոնկրետ չգիտեմ, թե որն է եղել ազատման պատճառը: Գիտեմ, որ ընդհանուր հաստիքների կրճատում է եղել»,- արձագանքեց ԱԺ պատգամավորը: Հարցին, թե իր համար վիրավորական չէ՞ր դա, պատգամավորն արձագանքեց. «Ես դա այդ տեսանկյունից չեմ նայում: Իսկ կրճատումներին նորմալ եմ նայում եւ ոչ էլ պատրաստվում եմ ինչ-որ մեկին միջնորդել»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե հնարավո՞ր է ինքն աշխատանքով օգնի եղբորը, ինչին ի պատասխան նա նշեց, որ ինքը բիզնեսներ չունի, որ աշխատանք տա, բայց համոզված է, որ եղբայրն առանց աշխատանք չի մնա, քանի որ ինքը շատ գրագետ եւ երկու բուհ ավարտած անձնավորություն է:
Դիտարկմանը, թե հնարավոր է կրճատումները պայմանավորված լինեն Գյումրիում աղմկահարույց վերջին միջադեպերի հետ, Սուքիասյանն արձագանքեց. «Զուտ կրճատման խնդիր է եւ կարիքը չկա կապել այլ դեպքերի հետ»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում եւ Գյումրու ոստիկանությունում: Քաղաքի տարբեր թաղերում` Անի, Մուշ եւ այլն, տեղակայված ոստիկանական բաժանմունքներն օպտիմալացվել են, ինչի արդյունքում վերացել է 18 հաստիք: Նաեւ կրճատվել են ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ծառայության գծով երկու տեղակալները` Համլետ Կիրակոսյանը եւ Հարություն Ավետիսյանը, որն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրն է:




























