Հայաստանի` ամառային ժամանակին վերադառնալու անհրաժեշտության հարցը հատկապես արդիական է դարձել` հուլիսի 7-ից սպասվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համատեքստում:
Հայաստանի նման երկրի համար ամառային ժամանակից հրաժարվելը ի սկզբանե աբսուրդ էր: Արդեն մոտավորապես քառորդ դար է հայ աշխատավորներն առավոտյան ժամը 6-ին, դժբախտաբար, չեն շտապում աշխատանքի, իսկ երեւանյան N1 տրամվայը չի տանում նրանց մայրաքաղաքի արդյունաբերական ծայրամասերի գործարաններ եւ ֆաբրիկաներ: Տրամվայ, առհասարակ, չկա. երկաթգծերն ապամոնտաժվել եւ վաճառվել են Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին…
Կովկասում, առհասարակ, սիրում են հնարավորության դեպքում ուշ քնել եւ, համապատասխանաբար, ուշ էլ արթնանալ: Իսկ կլիման միայն նպաստում է դրան: Ո՞վ չի ցանկանում ծանր օրվանից հետո զբոսնել երեկոյան Երեւանում, կամ այլ քաղաքներում, քանի դեռ լույս է: Ակնհայտորեն, նման ցանկություն չունեն Հայաստանի կառավարության անդամները, պատգամավորները, ում, չգիտես ինչու, պետք է, որ լուսաբացը լինի առավոտյան 4:30: Ռուսաստանի ղեկավարության ամեն քայլ կրկնելու անհագ ցանկությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանում ապրիլից հոկտեմբեր մութն ընկնում է մեկ ժամով շուտ, ինչը թույլ չի տալիս ոչ միայն լուսավոր ժամերի զբոսնել, այլեւ հարվածում է մարդկանց գրպաններին` կապված էլեկտրաէներգիայի հավելյալ ծախսերի հետ: Իսկ հուլիսի 7-ից, երբ էլելկտրաէներգիայի սակագինը մեկ-երրորդ անգամ կթանկանա, ծախսերը ավելի կշատանան:
Սակայն անգամ վերոհիշյալ անվիճելի փաստերը, որոնք միանշանակորեն հաստատում են ամառային ժամանակն անմիջապես եւ հրատապորեն վերադարձնելու անհրաժեշտությունը, լիարժեքորեն չեն ներկայացնում տեղի ունեցածի ամբողջ աբսուրդը: Մոսկվային ամեն ինչով կրկնելու անհագ ցանկությունից դրդված` մեր պաշտոնյաներն ամեն ինչ հակառակն են անում: Ի տարբերություն Հայաստանի` մեկընդմիշտ հրաժարվելով փոխել ժամացույցի սլաքները, Ռուսաստանը մնաց ամառային ժամանակում: Ավելին, ամառային ժամանակի վերաբերյալ օրինականությունը ՌԴ-ում հաստատվել է դատական կարգով: Այնպես որ այս անգամ հայ պաշտոնյաներն անգամ չհաջողվեց թութակի դեր խաղալ: Եթե Երեւանում այդքան շատ էին ցանկանում հոգալ նրանց համար, ովքեր ինքազգացողության վատացումը բացատրում էին սլաքների փոփոխությամբ, պետք է մոսկովյան փորձը գոնե ամբողջությամբ որդեգրեին` թողելով ամառային ժամանակը եւ հրաժարվելով ձմեռայինից: Առավել եւս, որ Երեւանն այպիսի աշխարհագրական դիրք չունի, որպեսզի Մոսկվայի հետ միեւնույն ժամանակային գոտում գտնվի:
Ընդհանուր առմամբ, պատգամավորների խորհրդարանական մեծամասնությունն այժմ հնարավորություն ունի գոնե մի փոքր հոգալու ժողովրդի մասին` վերադարձնելով ամառային ժամանակն ու խնայելով մարդկանց միջոցները` հատկապես էլեկտրաէներգիայի սպասվելիք կտրուկ թանկացումների համատեքստում…
Սարգիս Աղախանյան




























