Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել է 2014 թվականին սահմանված պարենային էմբարգոյի գործողությունը, որը վերաբերում է արևմտյան մի շարք երկրների գյուղատնտեսական արտադրանքին։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պորտալում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթուղթը 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգում է 2014 թվականին Ռուսաստանի սահմանած հատուկ տնտեսական միջոցների գործողությունը։

Պարենային էմբարգոն Ռուսաստանում գործում է 2014 թվականի օգոստոսի 7-ից։ Այն տարածվում է ԱՄՆ-ից, Եվրամիության երկրներից, Ավստրալիայից, Նորվեգիայից և Կանադայից ներկրվող գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և սննդամթերքի վրա։ Ավելի ուշ երկրների ցանկը ընդլայնվել է՝ ներառելով եվրոպական այլ պետություններ և Ուկրաինան։

Մոսկվան սահմանափակումները մտցրել է ի պատասխան պատժամիջոցների և այլ միջոցների, որոնք ռուսական իշխանությունները անվանել են Արևմուտքի ոչ բարեկամական գործողություններ։

Նույն հրամանագրով Պուտինը մինչև 2028 թվականի վերջ երկարաձգել է նաև Ռուսաստանի անվտանգության պաշտպանությանն ուղղված հատուկ տնտեսական միջոցների գործողությունը։