Թաիլանդի վարչապետ և ներքին գործերի նախարար Անուտին Չարնվիրակուլը կոչ է արել նահանգապետերին ավելի ակտիվ կիրառել օրենսդրությունը՝ երկրի օրենքները խախտող, թաիլանդցիներին սպառնացող կամ ճնշող օտարերկրացիներին արտաքսելու համար։ Իր ելույթի ընթացքում նա նաև դիմել է այն օտարերկրացիներին, որոնք հավակնում են Թաիլանդում ստեղծել սեփական կրոնական օբյեկտներն ու գերեզմանոցները. «Եթե պատրաստվում եք մեռնել, գնացեք ձեր տուն ու այնտեղ մեռեք», գրում է The Nation-ը։

Անուտինը հայտարարել է, որ օտարերկրացիները կարող են ապրել Թաիլանդում, եթե ազնվորեն վաստակում են և իրենց փողը, կապերը կամ այլ ռեսուրսները չեն օգտագործում տեղացիներին շահագործելու համար։ Միևնույն ժամանակ իշխանությունները պետք է խիստ արձագանքեն սպառնալիքներին, ագրեսիվ վարքագծին, անօրինական բիզնեսին, առանց թույլտվության աշխատանքին, բիզնես վարելու համար ձևական անձանց օգտագործմանը և հողի սեփականության կանոնների խախտումներին։

Վարչապետը անդրադարձել է կրոնական օբյեկտներին և մասնավոր գերեզմանոցներին։ Ըստ նրա՝ օտարերկրացիները չեն կարող պարզապես ինքնուրույն ստեղծել նման վայրեր՝ հաշվի չառնելով թաիլանդական օրենսդրությունը, հասարակությունն ու մշակույթը։ Նա նաև հայտարարել է, որ անթույլատրելի է ռեստորանի համար թույլտվություն ստանալ, իսկ հետո տարածքն օգտագործել որպես կրոնական արարողությունների անցկացման վայր։

Անուտինը կոչ է արել նահանգապետերին արագացնել այն օտարերկրացիների արտաքսումը, որոնց նկատմամբ դրա համար կան օրինական հիմքեր, և հղում չանել ավիատոմսերի համար գումարի բացակայությանը։ Ըստ նրա՝ նահանգային իշխանությունները կարող են վճարել ճանապարհածախսը, իսկ հետո լուծել ֆինանսավորման հարցը։ Նա նաև հայտարարել է, որ մի շարք դեպքերում արտաքսումն ավելի նախընտրելի է, քան իրավախախտներին թաիլանդական բանտերում երկար պահելը, քանի որ պետությունը ստիպված է նրանց վրա միջոցներ ծախսել սննդի, ջրի և կեցության համար։

Իշխանությունները մտադիր են խստացնել օտարերկրացիների ստուգումները, ներառյալ՝ Փհուկետում և Սուրաթթհանիում։ Առաջնահերթությունների թվում են անօրինական բիզնեսի, ընկերությունների և հողի անվանական տիրապետման, միգրացիոն և աշխատանքային կանոնների խախտումների, ինչպես նաև այն դեպքերի բացահայտումը, երբ Թաիլանդը օգտագործվում է որպես հանցավոր գործունեության բազա։

Միևնույն ժամանակ Անուտինը շեշտել է, որ Թաիլանդը նախկինի պես ողջունում է օտարերկրացիներին, քանի որ զբոսաշրջությունն ու ներդրումներն օգուտ են բերում երկրին և հենց ժամանողներին։ Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է օրենքի կիրառմանը իրավախախտների նկատմամբ՝ անկախ նրանից, թե որ տարածաշրջանից են նրանք եկել։