Լեռնային Ղարաբաղի առթիվ իրենց հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամենից առաջ պետք է դատապարտեին հայ սպայի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատումը: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Նրա համոզմամբ՝ հայտարարության մեջ պետք է խոսվեր նաեւ Ստեփանակերտ թռչող օդանավերի մասին:  «Լեռնային Ղարաբաղն արդեն ինքնորոշվել է, եւ նրա վերադարձն Ադրբեջանի կազմ անհնար է», - ընդգծել է Ռուբեն Թովմասյանը:

Խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ Կոմկուսի ղեկավարը եզրակացրել է, որ Ռուսաստանը զենք է վաճառում ոչ միայն Ադրբեջանին, այլեւ ամբողջ աշխարհին: «Չպետք է կարծել, որ այդ քայլն ուղղված է Հայաստանի դեմ: Չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը մեր ամենաարժանի եւ հուսալի  դաշնակիցն է», - եզրակացրել է Ռուբեն Թովմասյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am