Ադրբեջանը պետք է կառավարության եւ արտաքին գործերի նախարարության առջեւ հարց բարձրացնի՝ իր դեսպանին ԱՄՆ-ից ետ կանչելու մասին: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիեւը՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը՝ Հայոց ցեղասպանությունն ընդունելու վերաբերյալ:
Նրա խոսքով, Բաքուն պետք է համարժեք քայլեր նախաձեռնի՝ ի պատասխան ամերիկյան կոնգրեսմենների որոշման:
Բացի այդ, Հասանգուլիեւը նկատել է, որ փաստը, թե ԱՄՆ-ը տեւական ժամանակ Ադրբեջանում դեսպան չի նշանակում, առհամարհանքի դրսեւորում է երկրի նկատմամբ:
«Հարցի ձգձգումը որոշակի քաղաքական նպատակներ ունի: ԱՄՆ-ը դա օգտագործում է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար»,- կարծում է պատգամավորը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 կողմ, 22 դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Թուրքիան ԱՄՆ-ից ետ է կանչել իր դեսպան Նամըք Թանին՝ «խորհրդատվություններ անցկացնելու նպատակով»:



























