Ադիգեայում մենինգիտից 10-ամյա աղջիկ է մահացել: Նա վախճանվել է ամառային ճամբարից վերադառնալուց մի քանի օր անց՝ վերակենդանացման բաժանմունքում:

Տեղեկատվությունը հրապարակել է հանրապետական քննչական կոմիտեն, որը հիվանդանոցում ստուգում էր սկսել: Բայց բժիշկները պնդում են, որ պատճառն էնտերովիրուսն է եղել, հայտնում է «Առաջին ալիքը»:

Հունիսի 27-ի տվյալով՝ Մոսկվայի թիվ 1 ինֆեկցիոն հիվանդանոցում էնտերովիրուսով վարակված 37 երեխա է գտնվում:

Հունիսի 26-ին հաղորդվել էր, որ բժիշկները արտասահմանից ժամանած երեք երեխաների «շիճուկային մենինգիտ» ախտորոշում են տվել, միաժամանակ քաղաքի իշխանությունները հայտարարել էին, որ Մոսկվայում համաճարակ չկա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  Հոսպիտալացված երեխաները մանկական ֆուտբոլային թիմի անդամներ են:

Էնտերովիրուսով  երեխաների զանգվածային վարակվածություն է արձանագրվել Սուրգուտի մանկապարտեզում, չորս երեխաներ հիվանդանոց են տեղափոխվել, հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի շրջանային վարչության մամուլի ծառայությունը, գրում է  vesti.ru-ն:  Երեխաներից երեքի մոտ «շիճուկային մենինգիտ» է հայտնաբերվել: 

«Ինտերֆաքսը» հայտնում է, որ շիճուկային մենինգիտի դեպքեր են արձանագրվել Նիժնի Նովգորոդի եւ Սոչիի մանկապարտեզներում: Մանկապարտեզների այն խմբերում, որտեղ հիվանդ երեխաներ են գտնվել, կարանտին է հայտարարվել:

Լիպեցկում վերջին օրերին հիվանդացության 19 նոր դեպք է գրանցվել: Ներկա դրությամբ հոսպիտալացված է 48 մարդ՝ հիմնականում երեխաներ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: