Երեկ ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում կայացել է «Օսկարի» 82-րդ մրցանակաբաշխությունը, որտեղ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Փոթորիկի տիրակալը» ֆիլմը: Այն առաջ է անցել «Ավատար» ֆիլմից: Փոխարենը Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմը 3 մրցանակի է արժանացել տեխնիկական անվանակարգերում:
Բացի այդ երկու ֆիլմերից, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել էին նաեւ «Կրթություն», «Անտեսանելի կողմը», «Շրջան համար 9», «Անփառունակ սրիկաները», «Ճիգ գործադրիր», «Լուրջ մարդը», «Վերեւ» և «Երանի երկնքում լինեի» ֆիլմերը:
«Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում Օսկարի է արժանացել Ջեֆֆ Բրիջեսը («Խելառ սիրտը» ֆիլմի համար), իսկ լավագույն դերասանուհի է ճանաչվել Սանդրա Բալոքը («Անտեսանելի կողմը»):
Տարվա լավագույն ռեժիսոր է ճանաչվել «Փոթորիկի տիրակալը» ֆիլմի ռեժիսոր Քեթրին Բիգելոուն: Լավագույն արտասահմանյան ֆիլմ է ճանաչվել արգենտինական «Նրա աչքերի գաղտնիքը» ֆիլմը, որի ռեժիսորն է Խուան Խոսե Կամպանելան:



























